Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանը անվանակոչվեց Համո Սահյանի անունով

Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանը անվանակոչվեց Համո Սահյանի անունով

Երևանի ավագանու նիստում որոշվեց «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ն անվանակոչել «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Համո Սահյանի անվան գրադարան» ՀՈԱԿ:

Արմինե Վարդանյանն ասաց, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանը հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է նույն գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը։

«Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի աշխատակազմը դրական է գնահատել գրադարանը Համո Սահյանի անվամբ անվանափոխելու առաջարկը: Գրադարանն արդեն գործում է շուրջ 22 տարի: Այնտեղ կա գրական ստուդիա, որտեղ հրատարակվել է 12 գիրք՝ դպրոցականների և ճանաչված գրողների կողմից: Գրադարանն ունի 4 մասնաճյուղ և մոտ 10 հազար ընթերցող»,- նշեց Վարդանյանը և հավելեց, որ կառույցում կա նաև Ֆրանկոֆոնիայի ստուդիա, որտեղ երեխաները սովորում են ֆրանսերեն:

Վարդանյանը նաև շեշտեց, որ գրադարանը հենց Համո Սահյանի անունով անվանակոչելու միտքը եղել է կառույցի աշխատակիցներինը, քանի որ այնտեղ շատ անգամ Սահյանին նվիրված երեկոներ են անցկացվել:

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 34 «կողմ» ձայներով:

Հայ բանաստեղծ Համո Սահյանը (ի ծնե՝ Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին, Սիսիանի շրջանի Լոր գյուղում: Սահյանը եղել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1905, «Սեզամ, բացվիր» բանաստեղծությունների ժողովածուի համար)։ 1939 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության, իսկ 1946 թվականին՝ ԽՄԿԿ անդամ։

Վախճանվել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում