Գերմանիայի արեւմուտքում հեղեղումներից տուժած շրջանների վերականգնումը մի քանի տարի կտեւի

Գերմանիայի արեւմուտքում կործանարար հեղեղումներից տուժած Ռեյնլանդ Փֆալց եւ Հյուսիսաին Հռենոս-Վեսթֆալիա դաշնային հողերի վերականգնումը կարող է մի քանի տարի տեւել։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է DPA գործակալությունը՝ հղում կատարելով Գերմանիայի շինարարական ճյուղի կենտրոնական միության (ZDB), որը ներառում է մոտ 35 հազար ընկերություն, ղեկավար Ռայնհարդ Քվաստին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«2002թ. Էլբայի վարարումից հետո մոտ երեք տարի պահանջվեց, որպեսզի վերացվեն ամենամեծ ավերածությունները, եւ հինգ տարի, որպեսզի տուժած շրջանները նորից նախկին տեսքն ստանան»,- նշել է Քվաստը։ Աղետի հասցրած վնասը Գերմանիայի արեւմուտքում նույնպես մեծ է, սակայն վնասների ճշգրիտ մեծությունն առայժմ բավական դժվար է որոշել։ «Շինարարական ընկերությունները եւ մասնագետները կարող են ավելացնել արտադրողականությունը մինչեւ 120-130 տոկոս»,- նշել է ZDB ղեկավարը։ Ընդ որում՝ նա հավաստիացրել է, որ պատվերները կարող են վերաբաշխվել հօգուտ տուժած շրջանների։
Միեւնույն ժամանակ, Քվաստը ընդգծել է, որ աղետի գոտու վերականգնման համար ներկայում լուրջ խնդիր է շինանյութերի պակասը։ Եվս մեկ գործոն, որը դժվարացնում է նորոգման աշխատանքները տուժած շրջաններում, ենթակառուցվածքի փլուզվելն է, ներառյալ կամուրջները եւ ստորգետնյա ուղիները։ «Առանց ժամանակավոր կամուրջների շինարարական ընկերությունները եւ վարպետները ստիպված են զգալի շրջանցումներ կատարել»,- ասել է Քվաստը։
Ավելի վաղ DPA գործակալությունը տեղեկացրել էր, որ Deutsche Bahn կոնցեռնի երկաթուղիներին եւ ավտոճանապարհներին հասցված վնասը երկրի արեւմուտքում կործանարար հեղեղման հետեւանքով կարող է հասնել 2 մլրդ եվրոյի։ Նախնական գնահատմամբ՝ միայն երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման ծախսերը կազմում են մոտ 1,3 մլրդ եվրո։
Հուլիսի 12-ից Գերմանիայի արեւմուտքում եւ հարավ-արեւմուտքում հորդառատ անձրեւներ էին տեղում, որոնք դարձան կործանարար հեղեղման պատճառ։ Անձրեւների պատճառով ափերից դուրս են եկել Հռենոսի Ար եւ Մոզել վտակները, ինչպես նաեւ Զաուեր, Փրյում, Նիմս, Քիլ եւ Էրֆթ ոչ մեծ գետերը։ Աղետի հարվածի տակ են հայտնվել հիմնականում Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա եւ Ռեյնլանդ Փֆալց դաշնային հողերը։ Մոլեգին աղետի հետեւանքներից, ըստ վերջին տվյալների, մահացել է ավելի քան 160 մարդ, հիմնականում Ռեյնլանդ Փֆալց դաշնային հողում։
Կարծիքներ