Երբեք հայ մարդն այնքան շատ իրավունքներ չի ունեցել, որքան այսօր, այնքան ազատ չի եղել, որքան այսօր. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել «փոքր Հայաստանին»:
«Դպրոցական նստարանից սկսած՝ մեզ ասել են, որ մենք փոքր ենք տարածքով, թվաքանակով, ռեսուրսներով։ Բայց միշտ չէ, որ փոքր ենք եղել։ Ժամանակին եղել ենք մեծ, հզոր ու անպարտելի։ Եվ այդ երանելի դարաշրջանը հայ ժողովրդի ոսկեդարն է, որին պետք է ձգտենք վերադառնալ։ Ահա այսպես դարերով մեզ հետապնդում է հայ ժողովրդի ոսկեդարի ուրվականը։
Առաջին անգամ ես մեր «փոքրության» իրական չափսերը հասկացա 2022 թվականին՝ մի աշխատանքային այցի ժամանակ։ Եվրոպական միության անդամ մի երկրում էինք, քննարկում էինք մեր ընդհանուր խնդիրները։ Հանկարծ այդ երկրի իմ գործընկեր պատգամավորներից մեկը հոգոց հանելով ասաց. «Դե ձեզ համար հեշտ է խոսել. դուք մեծ երկիր եք»։
Այս հայտարարությունը ինձ մի պահ անակնկալի բերեց, որովհետև միաժամանակ և՛ ճիշտ էր, և՛ սխալ։ Բայց սա մի բան էր, որ ինձ օգնեց առաջին անգամ մեր «փոքրությանը» նայել ուրիշների աչքերով։ Ոչ այն ուրիշների, որոնք մեզանում սերմանել են փոքր լինելու բարդույթը, իսկ հետո համոզել, որ չենք կարող ապրել առանց մեծ եղբոր փրկության այս անարդար աշխարհում։
Ես տեսա մեր «փոքրությունը» այն ուրիշների աչքերով, որոնք նայում են մեզ և ակնածանքով ասում, որ մենք կարող ենք ավելին, քան մեզ թվում է, որ արդեն անում ենք ավելին, քան կարող էր թվալ։
Մենք փոքր չենք, մենք մեծ ենք։ Եվ մեր պատմության ոսկեդարը անցյալում չէ։ Մեր ոսկեդարը հիմա է, այսօր։
Երբեք պատմության մեջ ոչ մի վայրկյան հայ մարդն այս նվիրական հողի վրա այնքան բարեկեցիկ չի ապրել, որքան այսօր, այնքան երկար չի ապրել, որքան այսօր, այնքան առողջ չի եղել, որքան այսօր, այնքան տեղեկացված չի եղել, որքան այսօր, այնքան շատ չի ճամփորդել աշխարհով, որքան այսօր, այնքան շատ իրավունքներ չի ունեցել, որքան այսօր, այնքան ազատ չի եղել, որքան այսօր, այնքան շատ հասանելիություն չի ունեցել աշխարհին, որքան այսօր, այնքան մեծ հնարավորություն չի ունեցել փոխել սեփական կյանքը, որքան այսօր։
Հիմա մե՞ծ ենք, թե՞ փոքր՝ մեր ընտրությունն է»,- գրել է Կոնջորյանը:
Կարծիքներ