Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող նախագիծ է ներկայացվել

Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող նախագիծ է ներկայացվել

Ֆրանսիայի Սենատի վեց անդամ, որոնք 2020-ին Ֆրանսիայի կառավարությանը կոչ էին արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձև են ներկայացրել, որը կքննարկվի վաղը՝ նոյեմբերի 15-ին։ 

Սենատի կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն` բանաձևով առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման, գազի ու նավթի ներմուծման էմբարգոյի հնարավորությունը։ Սենատորների նախաձեռնած բանաձևով, բացի պատժամիջոցներից, Ադրբեջանից պահանջվում է անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ 

Վաղը քննարկվելիք բանաձևը խորհրդատվական բնույթ ունի, քանի որ պատժամիջոցների կիրառման հարցը ոչ թե Սենատը, այլ կառավարությունն է որոշում։ 

Ըստ սենատորների՝ բանաձևի նպատակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել նրա զորքերի անհապաղ դուրսբերումը Հայաստանի տարածքից, հարկադրել հարգել նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագիրը և նպաստել երկու երկրների միջև կայուն խաղաղության հաստատմանը միտված ցանկացած նախաձեռնության։ 

Փաստաթղթի հեղինակները հղում են կատարել Ֆրանսիայի Սահմանադրության 34-1 հոդվածին, Միավորված ազգերի կազմակերպության 1945 թ. հունիսի 26-ի կանոնադրությանը, 1949 թ. ապրիլի 4-ի Հյուսիսատլանտյան պայմանագրին, 1969 թ. հունվարի 4-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիային, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 2005 թ. սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձևին պաշտպանության պատասխանատվության մասին, 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում