Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 314 հազար մարդ

Ավելի քան 314,1 հազար մարդ տուժել է չորեքշաբթի օրը Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժից։ Աղետների կանխարգելման և կառավարման ազգային խորհրդի կիրակի օրը հրապարակված զեկույցի համաձայն՝ զոհվել է տասը մարդ։ Ավելի վաղ հաղորդվում էր վեց մարդու մահվան և չորս անհետ կորածի մասին։
Գերատեսչության թարմացված տվյալների համաձայն՝ 42 տարհանման կենտրոնում է գտնվում 34,2 հազար տեղահանված, նախապես տարհանվել է 1,2 հազար մարդ։ Աղետից տուժել է 375 մարդ, նրանցից ոչ ոք անհետ կորած չի համարվում։
Երեք մարզերում դադարեցվել են դասերը 55 ուսումնական հաստատություններում և աշխատանքը 157 ձեռնարկությունում։ Արտակարգ դրություն է գործում Աբրա նահանգի 27 քաղաքներում և մունիցիպալիտետներում։ Կառավարությունն արդեն 11,6 մլն պեսո (210,8 հազար դոլար) է հատկացրել օգնության համար։
Լուզոն կղզում հուլիսի 27-ին 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Թայումի մունիցիպալիտետից (Աբրա նահանգ) 3 կմ հյուսիս-արևելք, որի բնակչությունը գերազանցում է 14,8 հազարը։ Օջախը գտնվել է 17 կմ խորության վրա։ Այս նահանգում տեղի ունեցած առաջին երկրաշարժից հետո սեյսմոլոգները գրանցել են ավելի քան 500 հետցնցում՝ 1,5-ից 5,0 մագնիտուդով:
Կարծիքներ