Հայաստանն ու Ֆինլանդիան կհամագործակցեն տեխնոլոգիական, կրթական ոլորտներում, կփոխանակեն հաջողված ծրագրերը

Հայաստանն ու Ֆինլանդիան կհամագործակցեն տեխնոլոգիական, կրթական ոլորտներում, կփոխանակեն հաջողված ծրագրերը

Բարսելոնայում տեղի ունեցող «MWC Barcelona 2021» համաժողովի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է Ֆինլանդիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Տիմո Հարակկայի հետ: Գործընկերներն անդրադարձել են համավարակով պայմանավորված մարտահրավերներին և դրանց լուծման մեջ տեխնոլոգիաների նշանակությանը։

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ նախարար Տիմո Հարակկան հատկանշել է համավարակի ազդեցությունը, ինչի արդյունքում թվային ծառայությունների օգտագործման աճ է գրանցվել, մասնավորապես առցանց կրթության ոլորտում, էլեկտրոնային առողջապահական ծառայություններում և այլն:

Նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, հաստատելով տեխնոլոգիաների դերակատարությունը ներկա և ապագա մարտահրավերներին դիմակայելու գործում, ներկայացրել է տեխնոլոգիական կրթության ոլորտում մեծ փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի ոլորտում բարձրակարգ մասնագետների բացը լրացնելուն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել տեխնոլոգիական, ինչպես նաև կրթական ոլորտում երկուստեք իրականացրած հաջողված ծրագրերի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ։ Ծրագրերը կներառեն հանրակրթությունը, հատկապես բնագիտական (STEM) և ճարտարագիտական կրթության ուղղություններով, մասնագիտական և ոչ ֆորմալ կրթությունը՝ ժամանակակից, ապագային միտված և մրցունակ մասնագիտություններով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում