Կոնգրեսում հաղթանակի դեպքում հանրապետականները մտադիր են ուժեղացնել Ուկրաինային տրամադրվող օգնության վերահսկողությունը

Կոնգրեսում հաղթանակի դեպքում հանրապետականները մտադիր են ուժեղացնել Ուկրաինային տրամադրվող օգնության վերահսկողությունը

ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում հանրապետականները մտադիր են  ուժեղացնել ԱՄՆ-ի՝ Ուկրաինային տրամադրվող օգնության վերահսկողությունը:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին նոյեմբերի 7-ին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքքարթին:

«Ես աջակցում եմ Ուկրաինային, սակայն, հաշվի առնելով, թե ինչպես ենք մենք առաջ շարժվում, կարծում եմ՝ հաշվետվություն է հարկավոր: Չլրացված չեկ տալու փոխարեն մենք պետք է ռեսուրսներն ուղղենք այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են, ինչպես նաև ապահովենք Ներկայացուցիչների պալատում և Կոնգրեսում հարցը քննարկելու  հնարավորությունը»,-նշել է նա:

Մաքքարթին հավելել է՝ ընտրվելու դեպքում իրենք կկենտրոնանան  երկրի ներքին խնդիրների՝ մասնավորապես անօրինական ներգաղթի դեմ պայքարի վրա:

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։ Ընտրվելու է Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը և Սենատի անդամների մեկ երրորդը։ Հանրապետականներն ակնկալում են մեծամասնություն ստանալ երկու պալատներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում