Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է քննարկված հարցերի շրջանակը

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է քննարկված հարցերի շրջանակը

Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմը։

Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, հացահատիկի գործարքի իրականացումը։

Էրդողանը հայտնել է, որ «հացահատիկային միջանցքով» արտահանվել է ավելի քան 13 միլիոն տոննա գյուղմթերք։ Նա նաև հայտարարել է սննդամթերքի այլ տեսակների հետ «հացահատիկային միջանցքով» արտահանելու հնարավորության մասին։

Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը նշել է, որ Սիրիայի հյուսիսում ահաբեկչական խմբերի գործունեությունը շարունակվում է։ Թուրքական պետության ղեկավարն ընդգծել է 2019 թվականին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Թուրքիայի սահմանների մոտ գտնվող տարածքից ավելի քան 30 կմ ահաբեկիչներից մաքրելու կարևորությունը։

Միաժամանակ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է ռուս-թուրքական էներգետիկ նախագծերը, մասնավորապես՝ Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը։

«Հաշվի առնելով Ստամբուլում տեղի ունեցած վերջին բանակցությունների արդյունքները՝ «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը շարունակել է մտքերի փոխանակությունը Թուրքիայում տարածաշրջանային գազային հանգույց ստեղծելու նախաձեռնության շուրջ»,- ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Սիրիայում, նշել են Կրեմլում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում