ՄԻՊ-ը պարզաբանել է՝ ինչու հաղորդագրություն չի տարածել 16-ամյա տղային ծեծելու դեպքի հետ կապված

«Մենք կապ ենք հաստատել խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով, կապ ենք հաստատել նաև փաստաբանի հետ»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե Դիլիջանում տեղի ունեցած դեպքի հետ կապված անհրաժեշտություն տեսնո՞ւմ է բռնության ենթարկված անչափահասին հանդիպելու:
«Նշեմ, որ խոսքը անչափահասի մասին է, հետևաբար այս մասով տրամադրվող և տարածվող տեղեկատվությունը պետք է զգույշ և զգայուն լինի: Մենք ևս թե՛ հանդիպումները, թե՛ մնացած այլ գործիքակազմի իրացումը իրականացնելու ենք՝ խորհրդապահական կարևոր մեթոդը նկատի ունենալով և երեխայի լավագույն շահը հաշվի առնելով»,- ասել է Մանասյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ՄԻՊ-ը ուշացավ և առանձն հայտարարությամբ հանդես չեկավ, վերջինս արձագանքել է. «Իրականում մենք ոչ թե չենք ուշացել, այլ շատ արագ սկսել ենք հարցին արձագանքել: Տարատեսակ դեպքեր են հանրապետությունում տեղի ունենում, որոնց մի մասը ընդհանրապես հնչողություն չի ստանում, որևէ մեկը դեպքի վերաբերյալ չի իմանում, բայց մենք լուրջ գործունեություն ենք ծավալում: Այս հարցի հետ կապված մենք շատ արագ արձագանքել ենք, բոլոր պետական իրավասու մարմինների հետ անմիջապես կապ ենք հաստատել: Հասկանալով, որ գրավոր հաղորդակցությունը շատ ավելի երկար կարող է տևել, մինչև գրավոր հաղորդակցությունը բանավոր հաղորդակցություն ենք իրականացրել: Այս պահին արդեն պարզ է, որ, ըստ էության, դատախազը վերացրել է քննիչի համապատասխան որոշումը»:
ՀՀ ՄԻՊ-ը նաև նշել է՝ ինչ վերաբերում է առանձին հայտարարությանը, ապա կարիք չկա հատուկ հայտարարելու, որ բռնությունը պետք է ընդհանրապես բացառված լինի մեր հասարակական մշակույթից:
Կարծիքներ