«Նա մեր ընտրությունն է». Խաբարովսկում հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել փողոց՝ հաջակցություն կալանավորված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի (տեսանյութեր)

ՌԴ Խաբարովսկ քաղաքի կենտրոնում այսօր վաղ առավոտից նոր չարտոնված հանրահավաք է սկսվել հաջակցություն Խաբարովսկի երկրամասի ղեկավար Սերգեյ Ֆուրգալի, որը կալանքի տակ է գտնվում հուլիսի 10-ից՝ սպանությունների կազմակերպման և գործարարների դեմ մահափորձերի մեղադրանքով, գրում է meduza.io-ն:
Հաղորդվում է, որ Լենինի կենտրոնական հրապարակում հավաքվել են հազարավոր մարդիկ: Ցուցարարները վանկարկում են «Արդար դատավարություն» և «Ֆուրգալը մեր ընտրությունն է»:
Ոստիկանությունը հսկում է իրավիճակը, սակայն չի խոչընդոտում հանրահավաքի անցկացմանը:
DVhab.ru-ի տվյալների համաձայն՝ քաղաքի կենտրոն են շարժվում նաև Խաբարովսկի երկրամասի այլ քաղաքներից ցուցարարներով լի մեքենաներ:
Սերգեյ Ֆուրգալը ձերբակալվել է հուլիսի 9-ի առավոտյան, Խաբարովսկում իր տան մոտ: Նա մեղադրվում է գործարարների սպանությունների կազմակերպման և մահափորձերի համար, որոնք իրականացվել են 2004-2005 թվականներին: Ֆուրգալը չի ընդունում մեղադրանքը:
Ֆուրգալը դարձել է քրեական գործի մեջ ներգրավված առաջին մարդը համակարգային ընդդիմության նահանգապետերից, որոնք հաղթանակ են տարել Կրեմլի թեկնածուների նկատմամբ 2018 թվականի ընտրություններում:
Խաբարովսկում ցույցերը շարունակվում են արդեն մեկ շաբաթ, ամենազանգվածային ցույցն անցկացվել է հուլիսի 11-ին, որին, տարբեր գնահատականներով, մասնակցել է 10-12 հազար մարդ:
Կարծիքներ