Ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած հետախուզվողին
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Միացյալ Նահանգներում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը թաքնվում է Հայաստանում: Այդ մասին հայտնում է Ոստիկանությունը:
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հետախուզում էր հայտարարված դեռևս 2024 թվականին` Տեխաս նահանգի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հանցագործություն կատարելու մեղադրանքով:
Այս տարվա օգոստոսի 5-ին ԱՄՆ իրավապահների կողմից տղամարդու նկատմամբ հայտարարվել էր արդեն միջազգային հետախուզում:
Հայաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները, ակտիվ համագործակցելով ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության հետ, ձեռնամուխ եղան հետախուզվողին հայտնաբերելու գործին:
Պարզվեց հետախուզվողի թաքնվելու վերջին վայրը, և որոնողական աշխատանքներին ներգրավվեցին նաև Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները:
Նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկում հետախուզվողը հայտնաբերվեց և ձերբակալվեց:
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Ինտերպոլին և Դատախազությանը։


Կարծիքներ