Էստոնիայի ԱԳ նախարարը Միրզոյանին տեղեկացրել է 2026-ին ՀՀ-ում Էստոնիայի դեսպանություն բացելու որոշման մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին տեղեկացրել է 2026 թվականին ՀՀ-ում Էստոնիայի դեսպանություն բացելու որոշման մասին:
Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել Էստոնիայի այդ կարևոր որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հիրավի արտահայտում է երկու երկրների միջև ձևավորված ամուր գործընկերությունն ու դրա հետագա խորացման հարցում երկուստեք շահագրգռվածությունը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի առաջմղմանը միտված կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցեր: Մտքեր են փոխանակվել առաջիկա անելիքների շուրջ: Ի թիվս այլ ուղղությունների՝ անդրադարձ է կատարվել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հարցերի:
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադարձ է կատարվել «ԹՐԻՓ ուղի» հաղորդակցությունների ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռնվող հնարավորություններին:


Կարծիքներ