Արցախի բոլոր համայնքներում 3 տարիների ընթացքում կլուծվեն խմելու ջրի հետ կապված խնդիրները

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Արցախում ջրային ռեսուրսների հետ կապված կառավարության ծրագրի որոշ մանրամասներ ներկայացրեց: Հուլիսի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ Բեգլարյանը ասաց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ջրային ռեսուրսների կորուստներ են եղել:
«Զգալի ծրագրեր արդեն նախատեսված են, որոնց մի մասի վերաբերյալ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Ազգային ժողովում: Մասնավորապես, նախատեսում ենք մի քանի ջրամբարներ կառուցել, որպեսզի ավելի հեշտ լինի կառավարել մեր ջրային ռեսուրսները: Զուգահեռաբար խմելու ջրի հարցերը բոլոր համայնքներում նախատեսում ենք մոտ երեք տարվա ընթացքում լուծել, այդ թվում` Ստեփանակերտի հետ կապված որոշակի լրացուցիչ լուծումներ են տրվելու»,- նշեց Բեգլարյանը:
Արցախի պետնախարարը կարևորեց ջրի որակի ապահովման անհրաժեշտությունը:
«Այդ մասով լրացուցիչ ուսումնասիրություններ ենք կատարում վերահսկողությունը բարձրացնելու, լրացուցիչ ռիսկերը նվազեցնելու համար` որակի և բնապահպանական ռիսկերի առումով: Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց կկարողանանք արդեն հստակ ծրագրեր առաջարկել մեր հասարակությանը»,- եզրափակեց Բեգլարյանը:
Կարծիքներ