Հետվճարի մեխանիզմը կշարունակի գործել, կավելանան նաև հաշմանդամության նպաստները. Բաթոյանը թվեր է ներկայացրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան հայտնել էր, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում կենսաթոշակները բարձրանալու են։ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելել էր, որ 10 հազար դրամով բարձրանում են ոչ միայն կենսաթոշակները, այլև նպաստները:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը
«Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ որոշակի մանրամասներ ներկայացնելով:
«Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան մինչև 10 հազար դրամով։
Հիմնական կենսաթոշակը 24 հազար դրամից կդառնա 34 հազար դրամ, նվազագույն կենսաթոշակը՝ 36 հազար դրամից 46 հազար դրամ։ Կբարձրանա նաև ծերության նպաստը։
10 հազար դրամով կավելանան հաշմանդամության նպաստները․ 36 հազար, 37 հազար 500 և 39 հազար դրամի փոխարեն դրանք կկազմեն համապատասխանաբար 46 հազար, 47 հազար 500 և 49 հազար դրամ։ Մասնավորապես 3-րդ խմբի համար նպաստը կսահմանվի 46 հազար դրամ, 2-րդ խմբի համար՝ 47 հազար 500 դրամ, իսկ 1-ին խմբի համար՝ 49 հազար դրամ։
Կվերանայվեն նաև զինվորական երկարամյա ծառայության, պարտադիր ժամկետային զինծառայողների գծով նշանակված, կերակրողին կորցնելու և այլ կենսաթոշակներ։ Զինվորականների հիմնական կենսաթոշակը 20 հազար դրամից կդառնա 21 հազար դրամ։ Բացի այդ՝ զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը 1750 դրամից կսահմանվի 2000 դրամ, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողների գծով նշանակված զինվորական կենսաթոշակները կավելանան 10 հազար դրամով։
Կշարունակի գործել հետվճարի մեխանիզմը մինչև 20% չափով, առավելագույնը՝ 10 հազար դրամ։
Տնտեսական աճը Կառավարությանը հնարավորություն է տալիս ընդլայնելու սոցիալական ծրագրերը՝ ուղղված քաղաքացիների արժանապատիվ կյանքի ապահովմանը»,- գրել է Բաթոյանը:


Կարծիքներ