Firebird AI ընկերությունը ՀՀ-ում կիրականացնի շուրջ 500 մլն դոլարի ներդրում՝ ԱԲ խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման ուղղությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության 2025 թվականի գործունեության առաջնահերթ ուղղությունները և դրանց շրջանակում սահմանված արդյունքային ցուցանիշների կատարման ուղղությամբ արձանագրված արդյունքները։
Նշվել է, որ հաշվետու տարում նախարարության հիմնական առաջնահերթություններն են եղել թվայնացումը, արհեստական բանականության գործիքների կիրառումը իրական կյանքում, տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը, հեռահաղորդակցության ոլորտը, ինչպես նաև ռադիոհաճախականությունների օգտագործման և կարգավորման օրենսդրական բարելավումը։ Նշված ուղղություններով ներկայացվել են իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև 2026 թվականի առաջին կիսամյակին նախատեսվող քայլերը։
Զեկուցվել է, որ լիարժեքորեն ապահովվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումը։ Ծրագրի շրջանակում տնտեսվարողներին տրամադրվել է 8.76 մլրդ դրամի պետական աջակցություն՝ աշխատանքային միգրանտների ներգրավման, նոր աշխատողների ընդունման, ինչպես նաև աշխատակիցների վերապատրաստման նպատակով։ Ներկայումս աջակցության դիմումներն ընդունվում են էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ապահովելով ինքնաշխատ հաշվարկ և աջակցության տրամադրման որոշումների կայացում։
Ընդգծվել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համագործակցելով Amazon Web Services (AWS) ընկերության և արհեստական բանականության ոլորտում Եվրոպայի առաջատար Mistral AI ընկերության հետ, գործարկել է Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը (ai.gov.am)։ Այն բաց հարթակ է, որը միավորում է տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և նորարարներին՝ գիտահետազոտական գործունեության և արտադրանքի մշակման ամբողջ շղթայում աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ի պատասխան վարչապետի հարցի՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ վիրտուալ ինստիտուտը ստեղծվել է ուսանողների, ստարտափների և հետազոտողների համար, նրանք կարող են դիմել և սուբսիդիայի միջոցով ստանալ հասանելիություն գերհամակարգչին, միջազգային այլ ծառայությունների, ինչպես նաև 2027 թվականից՝ Firebird AI-ի հաշվողական ռեսուրսին։
Միաժամանակ հաստատվել է պետության կողմից արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրը, և մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը։ Նախատեսվում է 2026 թվականի առաջին կիսամյակում մշակել քաղաքացի–արհեստական բանականություն երկխոսության հարթակի տեխնիկական առաջադրանքը և դրա հիման վրա կազմակերպել մրցույթ կամ կնքել պայմանագիր համապատասխան կազմակերպության հետ։ Հարթակը նախատեսված է քաղաքացիներին նախարարության գործունեությանը, ծրագրերին և լիազորություններին առնչվող հարցերի վերաբերյալ արագ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար՝ զանգերի և էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, արհեստական բանականության անմիջական մասնակցությամբ։ Մխիթար Հայրապետյանը նշել է, արհեստական բանականությունը նախատեսվում է ներդնել գերատեսչությունների զանգերի կենտրոններում։ «Լուծումն այլևս Հայաստանում կա, մարդն զանգեց՝ այդտեղ աշխատում է ձայնից տեքստ և տեքստից ձայն տեխնոլոգիան հայերենով, որն այլևս իրականություն է։ Ամբողջ շղթան մենք փակում ենք, տեխնոլոգիական ընկերությունների կողմից ալգորիթմը մշակված է»,- ասել է նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ այն լավագույնս կգործի։
Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է․«Կարծում եմ, մենք հետևյալ գործողությունը պետք է անենք, պետք է նայենք տարբեր գերատեսչություններում ինչ ստորաբաժանումներ կան, հաշվարկենք այնտեղ ինչ բյուջե և ինչ հաստիքներ կան։ Մենք առաջիկայում ջանք պետք է գործադրենք այդ բաժիններում աշխատող մեր գործընկերներին վերապատրաստելու և աշխատանքի պատրաստելու ուղղությամբ»։
Միաժամանակ, երկրի ղեկավարը նշել է, որ բոլոր գերատեսչությունների համար մշտապես թվայնացումը պետք է լինի առաջնահերթությունների ցանկում։ «Այսինքն՝ ես տեսանելի ապագայում չեմ տեսնում իրավիճակ, երբ մենք ասենք լավ՝ եկեք թվայնացումն այլևս հանենք առաջնահերթությունների ցանկից և դարձնենք սովորական պլանային միջոցառում։ Բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար թվայնացումը պարտադիր առաջնահերթություններից մեկն է։ Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ»,– հավելել է վարչապետը։
Զեկուցվել են ռադիոհաճախականությունների օգտագործման և կարգավորման ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխությունները և դրանց կիրառական ազդեցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տեսալսողական մեդիայի ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխություններին։
Ներկայացվել է Plug and Play միջազգային ընկերության հետ համագործակցության շրջանակում կնքված պայմանագիրը։ Եռամյա համագործակցության ընթացքում կիրականացվեն ինկուբացիոն, նախաաքսելերացիոն և աքսելերացիոն ծրագրեր՝ յուրաքանչյուրում ընդգրկելով 15–20 ստարտափ։ Ծրագրի շրջանակում Հայաստան են ժամանում միջազգային փորձ ունեցող մասնագետներ՝ մասնակից ստարտափներին մենթորական աջակցություն, բիզնես խորհրդատվություն և գործարար կապերի հաստատման հնարավորություն տրամադրելու նպատակով։
Անդրադարձ է կատարվել Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման ընթացքին։ Արդեն իսկ մշակվել են վերլուծական զեկույցները, սահմանվել են առաջնահերթ տեխնոլոգիական ուղղությունները, և ներկայումս ընթանում են ռազմավարական նպատակների ձևավորման, գործողությունների ծրագրի կազմման և շահագրգիռ կողմերի հետ քննարկումների աշխատանքները։ Ռազմավարական ծրագիրը նախատեսվում է հաստատել 2026 թվականի առաջին կիսամյակում։
Զեկուցվել է «Starlink» բարձր արագությամբ արբանյակային ինտերնետ կապի ծառայությունների ներդրման գործընթացի մասին, որոնք 2025 թվականի մարտի 27-ից արդեն գործարկվել են Հայաստանում՝ ապահովելով հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ հասանելիություն երկրի ամբողջ տարածքում՝ ներառյալ հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերը։
Ներկայացվել են նաև «Mistral AI», Amazon Web Services (AWS) և «Firebird AI» ընկերությունների հետ համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մասնավորապես, Firebird AI ընկերությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման ուղղությամբ։
Քննարկվել են նաև ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանն ու այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։


Կարծիքներ