Առնո Բաբաջանյանի էստրադային գործերի կենդանի կատարումները կhնչեն Երևանի տարբեր շրջաններում

Առնո Բաբաջանյանի էստրադային գործերի կենդանի կատարումները կhնչեն Երևանի տարբեր շրջաններում

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններն առավել ճանաչելի դարձնելու, նրան հանրահռչակելու նպատակով Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իրականացնում է «Բաբաջանյանը՝ Երևանում» համերգային նախագիծը՝ նվիրված կոմպոզիտորի 100-ամյակին:

Հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանն ասաց, որ Երևանի հինգ վարչական շրջանի բեմերում Բաբաջանյանի էստրադային երգերը կատարում են կոլեկտիվներ, արտիստներ:

«Արդեն հինգ համերգ է տեղի ունեցել, երկուսը՝ Սարյան փողոցում, երկուսը՝ Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում: Հուլիսի 7-ին համերգ անցկացվեց Գարեգին Նժդեհի հրապարակում, հուլիսի 8-ին համերգ է նախատեսվում Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի այգում, իսկ հուլիսի 9-ին Թումոյի այգում կկազմակերպվի ծրագրի փակումը: Համերգներն սկսվում են 19:30-ին և տևում են երկու ժամ»,- տեղեկացրեց Նաղդյանը:

Նրա խոսքով՝ ցանկություն կա տարվա երկրորդ կեսին անդրադառնալու Բաբաջանյանի դասական ժանրի ստեղծագործություններին:

Ֆիլհարմոնիան տարբեր նվագախմբերի հետ համագործակցության ծրագրեր ունի, նախատեսում է աշխատել արտերկրի մենակատարների հետ: «Մաեստրոն միջազգային արտիստ էր, ուստի նրա հոբելյանը պետք է նշել ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային երկրներում: Բոլորն Առնո Բաբաջանյանին համարում են հարազատ կոմպոզիտոր»,- եզրափակեց Արտյոմ Նաղդյանը:

Նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում