Բորելը միգրանտներին հորդորել է Բելառուսից վերադառնալ իրենց երկրներ

Բելառուսի սահմաններին գտնվող միգրանտները պետք է ստանան հումանիտար օգնություն և վերադառնան իրենց երկրներ։ Այդ մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 16-ին, հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը:
«Եվրամիություն տանող ճանապարհը Բելառուսով չի անցնում: Մեր պատվիրակություններն ամբողջ աշխարհում, հատկապես առավել տուժած երկրներում, տարածում են այս տեղեկատվությունը, որպեսզի թույլ չտան մարդկանց խաբել և դրանք վերածել մի տեսակ գործիքի, զենքի՝ քաղաքական նպատակների հասնելու համար: Սա անօրինական է և ոչ մարդկային: Այս նյարդայնացնող սխեմայի մեջ հայտնված մարդիկ պետք է ստանան անհրաժեշտ օգնությունը: Սա իմ կոչի պատճառներից մեկն էր նախարար (Բելառուսի արտաքին գործերի – խմբ.) Մակեյին և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին»,- ասել է Բորելը։
Նրա խոսքով՝ ԵՄ սահմաններն «անսահման բաց չեն»։ Մուտքը հնարավոր է միայն օրինական ճանապարհով՝ վիզայի պահանջների կամ ապաստանի ընթացակարգերի կատարումից հետո: Ցանկացած այլ տարբերակ, նշել է Բորելը, «բացահայտ ապատեղեկատվություն է»:
«Կատարվածի պատասխանատվությունը կրում է Բելառուսը՝ 100%, մենք կարող ենք սկսել լուծել այս խնդիրը՝ դադարեցնելով մարդկանց հոսքը դեպի Բելառուս։ Նրանք, ովքեր արդեն հասել են այնտեղ, պետք է ստանան հումանիտար օգնություն։ Նրանք, ովքեր չեն կարող փախստական համարվել, պետք է վերադարձվեն իրենց ծագման երկրի»,- հավելել է Բորելը։
Նա ընդգծեց, որ այս ճգնաժամն արհեստականորեն է ստեղծվել և, այն չպետք է շեղի Եվրոպայի ուշադրությունը Բելառուսի ներկայիս իրավիճակից, որտեղ շարունակվում են մարդու իրավունքների զանգվածային խախտումները։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը ողջունել է Իրաքի որոշումը, որը սկսել է հատուկ թռիչքներ կազմակերպել իր քաղաքացիներին վերադարձնելու համար։
Երեկ հայտնի դարձավ, որ ԵՄ երկրների արտգործնախարարները որոշել են պատժամիջոցների հինգերորդ փաթեթը ներկայացնել Բելառուսի դեմ։ Նոր սահմանափակումները կապված են միգրացիոն ճգնաժամի հետ։
Կարծիքներ