Շատ բան կախված է՝ ինչ գին կորոշվի. կնախընտրեմ՝ լինի 100 տոկոս պետական սեփականություն. Փաշինյանը՝ ՀԷՑ-ի մասին

Շատ բան կախված է՝ ինչ գին կորոշվի. կնախընտրեմ՝ լինի 100 տոկոս պետական սեփականություն. Փաշինյանը՝ ՀԷՑ-ի մասին

«Հայտարարությունը կապված է շատ կոնկրետ նախագծի հետ»:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է՝ պատրաստ են Հայաստանին օժանդակել ՀԷՑ-ը տարածաշրջանային՝ Վրաստանի ու Թուրքիայի էլեկտրացանցերին միացնելու հարցում:

«ԵՄի-ի հետ համատեղ ծրագիր կա՝ Հայաստան-Վրաստան էլեկտրաէնեգիայի փոխակերպման կայան կառուցելու վերաբերյալ, վարկային ծրագիր կա, շատ բարդ ծրագիր է, աշխատում ենք դա իրականացնելու վրա, սա նրա մասին է, որ էլեկտրական էներգիան Հայաստան-Վրաստան-Իրան արտահանել-ներմուծելիս որոշակի ռեժիմային խնդիրներ են առաջանում ու ծրագրի իմաստն այն է, որ փոխակերպման կայան կառուցվի, որը, առանց համակարգերի հատվածներն անջատելու, հնարավորությու ունենա էլեկտրաէներգիա ներմուծել ու արտահանել»,- մանրամասնել է վարչապետը։

Նա հավելել է, որ սա բացարձակ որևէ կապ չունի ՀԷՑ-ի հետագա կառավարման խնդիրների հետ։

«ՀԷՑ-ի հետագա կառավարման խնդիրների վերաբերյալ կա երկու տարբերակ՝ դա դառնում է ամբողջությամբ պետական սեփականություն ու հանձնվում է հավատարմագրված կառավարման, երկրոդը՝ մասնավորեցվում է միջազգային հեղինակավոր ոլորտի կառավարման փորձ ունեցող ընկերության։

Ինձ համար ցանկալին առաջին տարբերակն է, բայց, քանի որ առաջին տարբերակում նաև վճարումներ պետք է արվեն, շատ բան կախված է նրանից, թե ինչ օբյեկտիվ գին կորոշվի ՀԷՑ-ի համար, եթե գինը կրելի կլինի պետական բյուջեի համար՝ ես կնախընտրեմ, որ այն լինի 100 տոկոս պետական սեփականություն ու հանձնվի հավատարմագրված կառավարման պրոֆեսիոնալ ընկերության, եթե հանկարծ պարզվի, որ որևէ պատճառով սա հնարավոր չի լինում իրագործել՝ կգնանք երկրորդ տարբերակով, բայց մեր պլան Ա-ն առաջին տարբերակն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում