Ներքին Գետաշենում շարունակվում է 32 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցումը

Ներքին Գետաշենում շարունակվում է 32 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցումը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում շարունակվում է 32 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցումը, որի աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա սեպտեմբերից, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Ջրային ծրագրերի իրականացման մասնաճյուղի» կողմից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշենի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 548 միլիոն 500 հազար դրամ։ Ծրագրի շահառու են հանդիսանում Ներքին Գետաշեն գյուղի մոտ 1000 տնտեսություն՝ մի քանի հազար շնչով։ Ընդ որում, ծրագրի հաշվին ոչ միայն խմելու ջուրն անցկացվում է բնակարաններ, այլ նաեւ տեղադրվում են հաշվիչներ։

2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ արդեն 32 կիլոմետր ջրատարի ներքին ցանցից կառուցվել է շուրջ 28 կիլոմետրը։ Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանված մինչեւ 2024 թվականի օգոստոս ամիսը, ուստի կան բոլոր նախադրյալները՝ նույնիսկ ավելի վաղ նորակառույց ջրատար ցանցը շահագործման հանձնելու համար։

«Այս կերպ լուծվում է այդ տնտեսություններին մաքուր եւ շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու խնդիրը, ցանցում նվազագույնի կհասցվեն կորուստները։ Շինարարական աշխատանքներն ընթացել են գյուղի թաղամասերի մեծ մասում՝ մոտ 80 տոկոսի չափով։ Ջրամատակարարման նորակառույց համակարգը սպասարկվելու է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից», -ներկայացրեց Ներքին Գետաշենի վարչական ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում