Արսեն Թորոսյանը մասնակցել է Ղարաբաղից տեղահանված կանանց հետ քննարկմանը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված Ղարաբաղից տեղահանված կանանց հետ քննարկմանը։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանը, կանանց հիմնահարցերի ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ղարաբաղից տեղահանված անձինք։
Ողջույնի խոսքում նախարար Թորոսյանը ներկայացրել է Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության, բնակարանային ապահովման ու կայուն զբաղվածության ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու նախատեսվող աշխատանքները։ Նախարարն ընդգծել է, որ պետության առաջնահերթություններից շարունակում են լինել հայրենակիցների կենսապայմանների բարելավման, այդ թվում՝ տեղահանված կանանց մասնագիտական կարողությունների զարգացմանն ու տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերը։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին։


Կարծիքներ