ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ

ԵԱՀԿ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով, ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։
«Ես խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով աճող բռնությամբ և կոչ եմ անում նախքան նոր մարդկային կորուստները անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը»,- ասված է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռամայի հայտարարության մեջ:
Ռաման նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը սերտ կապի մեջ են կողմերի հետ և փորձում են կայունացնել իրավիճակը: Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ուղիղ կապ է հաստատվել 2019 թվականի մարտին Վիեննայում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած նրանց հանդիպման ժամանակ: Ռաման հույս է հայտնել, որ նման մեխանիզմները կարող են օգտագործվել իրավիճակի դեէսկալացիայի համար։
«Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նվազեցնենք հակամարտության հումանիտար ազդեցությունը և հնարավորինս արագ վերսկսենք առարկայական բանակցությունները», - ասել է Ռաման։
Նա նաև իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։
Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ունի 11 զոհ, հայկական կողմը՝ 4:
Կարծիքներ