Շշով խփել էին գնդապետի դեմքին, քաշքշել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել․ քրեական ինչ գործով է անցել Գայանե Հակոբյանը

Շշով խփել էին գնդապետի դեմքին, քաշքշել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել․ քրեական ինչ գործով է անցել Գայանե Հակոբյանը

Ինչպես հայտնի է, երեկ փորձ էր կատարվել առևանգելու վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին: Առերևույթ իր կամքին հակառակ Աշոտ Փաշինյանին առևանգելու հանցանք կատարելու համար անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել է «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գայանե Հակոբյանը (անձնագրային տվյալներով՝ Ազգուշ Մարտիրոսյան, ներկայանում է Գայանե Հակոբյան):

Նշենք, որ այս ՀԿ-ի կազմում են 44-օրյա պատերազմում զոհված որոշ զինծառայողների ծնողներ: Նկատենք, որ նրանից ոմանք պարբերաբար աչքի են ընկնում ոչ հավասարակշիռ վարքագծով և հնչեցնում են նույնաբովանդակ հայտարարություններ, գրում է armtimes.com-ը։

Դրանցից մեկով, օրինակ, անցած տարի մայիսին Արթուր Գալեյանը, Գարիկ Գալեյանը, Ազգուշ Մարտիրոսյանը և այլ անձինք մուտք էին գործել ՊՆ զորամասերից մեկի տարածք և բռնություն գործադրել տվյալ զորամասի գնդապետի նկատմամբ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ և հարվածել:

Տվյալ գնդապետն այդ ժամանակ նրանցից պահանջել էր դուրս գալ զորամասի տարածքից, սակայն վերջիններս անտեսել էին պահանջը։ Արթուր Գալեյանը ջրի պլաստմասե շշով հարվածել էր գնդապետի դեմքին, իսկ Գարիկ Գալեյանը և Ազգուշ Մարտիրոսյանը քաշքշել էին նրա համազգեստից:

Ըստ տեղեկությունների՝ ամեն ինչ սկսվել էր այսպես․ ծնողները փակել էին դեպի զորամաս տանող դուռը և թույլ չէին տվել, որ զինծառայողները մուտք գործեն շենք և անցնեն իրենց ծառայությանը: Գնդապետը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ են փակել զորամասի մուտքի դուռը, ինչին ի պատասխան՝ ծնողներից ոմանք, այդ թվում՝ նաև Ազգուշ Մարտիրոսյանը, պատասխանել էին, որ թույլ չեն տալու, որ զինծառայողները մուտք գործեն զորամաս և պահանջել էին, որ նրանք վերադարձնեն իրենց զոհված երեխաներին։

Գնդապետը փորձել էր հարթել իրավիճակը և խնդրել, որ ծնողները բացեն զորամասի դուռը, ժամանակ տվել՝ այն բացելու՝ նշելով, որ հակառակ դեպքում ինքն է բացելու։  

Ծնողները սպառնացել էին, որ դուռը բացողի վրայով կանցնեն, նրանց փակած դուռը ոչ ոք չի կարող բացել, այդ անձը դեռ չի ծնվել, նրանք զինծառայողներին «թուրք» էին կոչել: Գնդապետն ինքն էր դուռը բացել, ինչից հետո իր հետ միասին ներս էին մտել նաև ծնողները և սկսել քաշքշել գնդապետին, սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցրել՝ ասելով՝ «ինքն ով դարձավ, որ նրանց փակած դուռը բացի»։

Դրանից հետո գնդապետը փորձել էր հանգստացնել ծնողներին, բայց ծնողները սկսել էին ավելի բարձր տոնով սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել: Ըստ տեղեկությունների՝ առավել ակտիվ էին հայհոյել Արթուր, Գարիկ Գալեյանները և Ազգուշ Մարտիրոսյանը։ Արթուր Գալեյանը կիսադատարկ պլաստմասե ջրի շշով հարվածել էր վերջինիս դեմքին, որից հետո ծնողները դուրս էին եկել շենքից։ Ըստ էության՝ այս գործողություններով նրանք ցանկացել էին ցույց տալ, որ իրենք բոլորից վեր են:

Նրանք զինվորականներին մեղադրել էին իրենց երեխաների մահվան համար, պահանջել վարչապետի հրաժարականը: Մեզ հասած տեղեկություններով՝ այս գործով վկաներից մեկը հայտնել է, որ ակնհայտ է եղել ծնողների քաղաքական ուղղվածությունը։

Մեկ այլ դեպքով էլ 2022 թվականին Երևանի Ազատության հրապարակում, երբ զոհվածների մի քանի ծնողներ և հարազատներ այցելել էին հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի 2 մասնակիցներին տեսության, Գարիկ Գալեյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ պետք է գործող իշխանությունը պատժվի, հակառակ դեպքում իրենք տեռոր կիրականացնեն:

«Մենք արդեն ամեն օր մտածում ենք տեռորի մասին, ու չգիտենք, որ դպրոցն ենք մտնելու, էսի ազգին եմ ասում, որ մանկապարտեզը, որ բուհը, որ Կառավարության շենքը»,- նշել էր նա: Լրագրողի դիտարկմանը, որ այս հայտարարություններից հետո կարող է քրեական հետապնդում իրականցվել, վերջինս արձագանքել էր, որ չի վախենում քրեական հետապնդումից:

Նշենք, որ վերջիններս հաճախ նաև բախումներ են հրահրում ոստիկանների հետ, հայհոյում նրանց պատիվն ու արժանապատվությունը, հնչեցնում տարատեսակ սադրիչ հայտարարություններ, որոնցից մեկը ներկայացնում ենք կարճ տեսանյութով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում