Ամուսինների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ամուսինների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է ամուսինների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է՝ ամուսինները հանդիսանալով տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի առցանց լիազորներ և առցանց օգտվողներ, հնարավորություն ունենալով վերջիններիս անուններից դիմումներ, հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելու, առանց տնտեսվարողների իմացության, իբր միասնական հաշվից գումարները վերադարձնելու և կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համաձայն միանվագ դրամաշնորհ ստանալու նպատակով, դիմումներ են ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որոնց հիման վրա իրենց բանկային հաշվեհամարներին ստացել են վերը նշված ընկերություններին և անձանց տրամադրման ենթակա գումարները: 

Արդյունքում, ամուսինները հափշտակել են այլ անձանց տրամադրման ենթակա առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 8 մլն 750 հզր 359 ՀՀ դրամ գումարը:

Ս.Բ.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը): 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում