Խաղաղության կորպուսի 21 կամավոր կաշխատի Հայաստանի տարբեր համայնքներում՝ նպաստելով անգլերենի ուսուցմանը

Խաղաղության կորպուսի 21 կամավոր կաշխատի Հայաստանի տարբեր համայնքներում՝ նպաստելով անգլերենի ուսուցմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների 29-րդ խմբի երդման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել Խաղաղության կորպուսի տնօրեն Կարոլ Սպանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է կամավորներին և մի քանի առումով կարևորել ծրագիրը. «Այս ծրագիրը հատկապես կարևորում ենք Հայաստանում անգլերենի ուսուցման խորացման, կամավորության, երիտասարդական աշխատանքի զարգացման, Հայաստանի և Ամերիկայի միջմաշակութային երկխոսության կայացման տեսանկյունից: Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում Հայաստանում օտար լեզուների, այդ թվում՝ անգլերենի զարգացման ուղղությամբ, ու առաջին անմիջական փորձառությունը, որ մեր համայնքների երեխաներն ունենում են Խաղաղության կորպուսի կամավորների շնորհիվ, անփոխարինելի է»:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է նաև, որ երիտասարդական քաղաքականության ոլորտում ևս բազմաթիվ ծրագրեր են իրականացվում մարզերում երիտասարդների ներուժի բացահայտման, զարգացման նպատակով, և կամավորների դերակատարումն այստեղ ևս անփոխարինելի է: Ըստ նրա՝ կամավորների հետ շփումը կյանքը փոխող փորձառություն է հայ երիտասարդների համար, և ծրագիրը փոփոխություն է բերում նաև կամավորների կյանքում՝ դրանով նպաստելով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների խորացմանը: Նա վերահաստատել է կամավորներին աջակցելու ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը, որպեսզի հաջողեն իրենց գործունեության մեջ՝ ակնկալելով, որ տարեցտարի կամավորների թիվը կավելանա:

«Ծրագիրը հնարավորություն է տալիս իրապես ճանաչելու Հայաստանը, հաղորդակից լինելու մարզերի երիտասարդների հույզերին. ավելի սերտ համագործակցություն դժվար է երևակայել: Կամավորներն այդ երկու տարիների ընթացքում այնքան հաղորդակից են դառնում Հայաստանի իրականությանը, որ մասամբ դառնում են հայաստանցի»,- խոսքը եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը՝ մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Խաղաղության կորպուսի տնօրեն Կարոլ Սպանը ևս ողջունել է ներկաներին և ասել. «Սկիզբ է դրվում նոր փուլ Խաղաղության կորպուսի կամավորների նոր խմբի համար, որով նաև ազդարարվում է հայ ժողովրդի հետ կայուն համագործակցության շարունակությունը: Կամավորների նոր խումբը կշարունակի 32-ամյա համագործակցության պատմությունը, որն ուժեղ է այն կապերով, որոնք ձևավորվել են ծառայության ընթացքում: Իմ շնորհակալությունն եմ հայտնում հայ ժողովրդին՝ սրտերը և տները մեր կամավորների առաջ բացելու համար: Այն ընկերությունը և մարդկային կապը, որ ծնվում են կամավորների և իրենց հայ համայնքների ներկայացուցիչների միջև, շարունակվում են ամբողջ կյանքի ընթացքում»:

Խաղաղության կորպուսի կամավորների երդման արարողությամբ եզրափակվում է եռամսյա նախապատրաստական դասընթացը՝ սկիզբ դնելով ՀՀ կառավարության և Խաղաղության կորպուսի 32-ամյա համագործակցության նոր փուլի: 21 նոր կամավորները կմեկնեն Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ կապրեն և կծառայեն առաջիկա երկու տարիներին: Նոր խմբի համալրմամբ՝ Հայաստանի տարբեր գյուղական համայնքներում և քաղաքներում ծառայող կամավորների թիվը կհասնի 37-ի:

Խաղաղության կորպուսը գործում է Հայաստանում 1992 թ․, և մինչև օրս մեր երկրում գործունեություն են ծավալել ավելի քան 1100 կամավոր: Նրանք օժանդակում են սովորողների անգլերենի իմացության կատարելագործմանը, և իրենք էլ սովորում են խոսել հայերեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում