Լուկաշենկոն սպառնում է փակել ռուսական գազի տարանցումը դեպի Եվրոպա. Պուտինը հույս ունի, որ Բելառուսը դա չի անի

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի հետ չի համաձայնեցրել իր այն հայտարարությունը, որ Բելառուսը կարող է փակել «Յամալ – Եվրոպա» գազախողովակը՝ Եվրամիության պատժամիջոցների ընդլայնմանն ի պատասխան: Այդ մասին հայտնում է Russia Today-ը:
«Այո՛, Բելառուսը մեր դաշնակիցն է, բայց դա ինքնիշխան պետություն է», - ասել է Պեսկովը՝ նաև ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնության հուսալիությունը, որպես վառելանյութի մատակարարի և գործընկերոջ, չի կարող կասկածի տակ դրվել:
Աղբյուրը հիշեցրել է, որ Բելառուսի նախագահի և այդ երկրի դեմ Եվրամիության պատժամիջոցների ընդլայնման հավանականության պատճառը Բելառուս-Լեհաստան սահմանին վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակն է մեծ թվով փախստականների կուտակման պատճառով:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում տեղեկացրել է, որ պատրաստվում է քննարկել Լուկաշենկոյի հետ նրա խոսքերը ռուսական գազի տարանցումը դեպի Եվրամիության երկրներ արգելափակելու մասին: Պուտինը հույս ունի, որ Բելառուսը դա չի անի:
«Տեսականորեն, իհարկե, Լուկաշենկոն, որպես տարանցիկ երկրի նախագահ, երևի կարող է հրահանգ տալ փակելու մեր մատակարարումները դեպի Եվրոպա: Թեև դա տարանցման մասին մեր պայմանագրի խախտում կլինի, և ես հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի», - Պավել Զարուբինի հաղորդման եթերում ասել է Վլադիմիր Պուտինը:
Կարծիքներ