Բելգիան նվաճեց Կատար 2022-ի ուղեգիր

Բելգիայի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Այդ մասին գրում է Armsport.am-ը։
Որակավորման փուլի նախավերջին տուրում Բելգիայի ընտրանին սեփական հարկի տակ ընդունեց Էստոնիային և հաղթանակի հասավ 3-1 հաշվով։ Բելգիացիների կազմում գոլերով աչքի ընկան Քրիստիան Բենտեկեն, Յաննիկ Կարասկոն և Տորգան Ազարը։ Հյուրերի միակ գոլը խփեց Էրիկ Սորգան։
E խմբի մյուս խաղում Ուելսը 5-1 հաշվով ջախջախեց Բելառուսին։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Աարոն Ռեմզին, մեկական անգամ էլ աչքի ընկան Նեկո Վիլյամսը, Բեն Դեյվիսը և Քոնոր Ռոբերտսը։ Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Արտյոմ Կոնցևոյը։
Ինը տուրից հետո բելգիացիները վաստակել են 19 միավոր և մեկ տուր առաջ ապահովել առաջին հորիզանականը՝ այսպիսով նվաճելով աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Ուելսը 14 միավորով երկրորդն է։
G խմբում Նիդեռլանդների հավաքականը արտագնա խաղում 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Մոնտենեգրոյի հետ։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը։ Տանտերերի գոլերը խփեցին Իլյա Վուկոտիչը և Նիկոլա Վույնովիչը։
Վերջին տուրից առաջ Լուի վան Գալի սաները վաստակել են 20 միավոր և զբաղեցնում են իրենց խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Թուրքիայի և Նորվեգիայի հավաքականներն ունեն 18-ական միավոր։
Կարծիքներ