Ղազախստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Ղազախստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Ինչպես Ալմաթիից, նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Սկզբում նեղ, այնուհետև ընդլայնված կազմով ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների վերացման հարցը, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործման մոտեցումները։  Մասնակիցների քննարկման առանցքում է լինելու անդամ երկրների մակրոտնտեսական իրավիճակը։ Կներկայացվեն միության երկրների տնտեսական կայուն զարգացմանն ուղղված առաջարկներ։ Վարչապետները նաև նախատեսում են անդրադառնալ միության ներքին շուկային առնչվող ինտեգրացիոն օրակարգի, ինչպես նաև սակագնային կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում