Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

 ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Գազայի հատվածում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որը վերածվում է մարդու կողմից առաջացած սովի, հիմնականում Իսրայելի մեղքով է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տյուրկը BBC-ին հայտնել է, որ կա հավանականություն, որ Իսրայելը Գազայի հատվածում սովն օգտագործում է որպես պատերազմի զենք։

«Եթե այդ մտադրությունը հաստատվի, ապա դա կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն», - ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։

Իր հերթին Իսրայելի էկոնոմիկայի նախարար Նիր Բարքաթը Տյուրկի նախազգուշացումներն անվանել է «անհեթեթություն, անպատասխանատու հայտարարություններ»։

Ըստ պաշտոնյայի՝ Իսրայելը թույլ է տալիս, որ հումանիտար բեռներ մտնեն Գազայի հատված, սակայն ՄԱԿ-ը չի կարողանում բաշխել այն, ինչ մնացել է ՀԱՄԱՍ-ի կողմից այդ օգնության մի մասը վերցնելուց հետո։

Այնուամենայնիվ, Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի անցակետի եգիպտական կողմում բազմաթիվ բեռնատարներ են կուտակվել, որոնք կարող են սահմանը հատել միայն Իսրայելի կողմից բազմաթիվ ստուգումներ անցնելուց հետո։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄԷ-ն, Հորդանանը, Եգիպտոսը, ստիպված են եղել օդային ճանապարհով պարաշյուտներով հումանիտար օգնություն նետել Գազայի հատված, ինչն այնքան էլ արդյունավետ չէ։

Տյուրկը հայտնել է, որ կան վկայություններ, որ Իսրայելը դանդաղեցնում է օգնության մատակարարումը։ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նաև  դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումն Իսրայելի վրա, որի հետևանքով 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ի պատասխան այս հարձակման՝ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, մոտենում է 32 500-ի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում