Հենրիխ Մխիթարյանը չի շտապում երկարաձգել «Ռոմայի» հետ պայմանագիրը

Հենրիխ Մխիթարյանը չի շտապում երկարաձգել «Ռոմայի» հետ պայմանագիրը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի շտապում երկարաձգել իտալական «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը, գրում է Il Messaggero-ն:

«Ռոման» ցանկանում է նոր պայմանագիր կնքել 32-ամյա կիսապաշտպանի հետ, սակայն այդ հարցում կարող է կարևոր դերակատարում ունենալ նրա գործակալ Մինո Ռայոլան: Առաջիկայում Ռայոլան կհանդիպի «Ռոմայի» ղեկավարության հետ, որպեսզի քննարկի Մխիթարյանի ապագայի հարցն ու նոր պայմանագրի պայմանները:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 խաղի և դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):

Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին (Պանամայի հետ ընկերական խաղում՝ 1:1): Հայաստանի հավաքականում նա անցկացրել է 88 հանդիպում և 30 գոլով ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է: Վերջերս կիսապաշտպանը ռեկորդային՝ 10-րդ անգամ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում