Փրկարար ծառայությունն իրականացնում է հակահրդեհային կանոնների պահպանման հանրային իրազեկման աշխատանքներ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ տնօրեն Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝փրկարար ծառայությունը հուլիսի 8-ից Հայաստանի Հանրապետության անտառային և բուսածածկ տարածքներում իրականացնում է հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ՝ հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, միջոցառումների շրջանակում Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողների, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոսական կազմի, մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից անտառածածկ և բուսածածկ տարածքներում պարբերաբար իրականացվում են հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգ, հակահրդեհային քարոզչական բնույթի աշխատանքներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով և բարձրախոսներով շրջիկ իրազեկում։
«Հրդեհների կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքներում ներգրավված են նաև Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի աշխատակիցները։
Ուշադրության կենտրոնում են գտնվում հատկապես հանգստյան և զբոսաշրջության համար նախատեսված վայրերը՝ ոչ աշխատանքային օրերին բնության գրկում քաղաքացիների հաճախակի ժամանցով պայմանավորված»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանրային իրազեկման աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով Փրկարար ծառայությունն ակտիվ համագործակցում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ․դրանց պաշտոնական կայքէջերում պարբերաբար տեղադրվում են հայտարարություններ՝ նշված տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման և քաղաքացիների շրջանում զգոնության բարձրացման վերաբերյալ:
Կարծիքներ