Հիշե՛ք՝ աշխարհի ճակատագիրը կանխորոշող ամուսինների զգեստապահարանը պարունակում է մեկ տաբատ, վերնաշապիկ և պիջակ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով իր զգեստների վերաբերյալ հնչող տարատեսակ կարծիքներին:
Հոդվածը քննարկում է հագուստի միջոցով դիվանագիտական ուղերձների, հաջողված և չհաջողված արարողակարգային կերպարների թեման։ Շատ բան ունեմ ասելու, բայց ժամանակս կխնայեմ, որովհետև այս նյութն իմ առաջնահերթությունների վերջին հորիզոնականն է զբաղեցնում։
Ուզում եմ պարզապես երկու հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել։
«Զգեստապահարանը գործում է որպես համակարգ, որտեղ յուրաքանչյուր տարր ենթարկվում է կարգավիճակին և դիվանագիտական նպատակին, այլ ոչ թե անձնական տրամադրությանը»,- գրել է հոդվածի հեղինակը։ Խնդրում եմ, այսուհետև ոչ միայն իմ, այլև ցանկացած ղեկավարի տիկնոջ զգեստապահարանում քաղաքականություն, դիվանագիտություն, մշակույթ, փիլիսոփայություն, նորաձևություն, գեղագիտություն, արվեստ, գրականություն, մարդկայնություն, արդարություն, ճաշակ, կրթություն, դաստիարակություն փնտրելիս հիշե՛ք, որ այդ կանանց՝ քաղաքական որոշումներ կայացնող և աշխարհի ճակատագիրը կանխորոշող ամուսինների զգեստապահարանը պարունակում է մեկ տաբատ, մեկ սպիտակ վերնաշապիկ և մեկ պիջակ։
Վերոնշյալ խոր իմաստները կարելի է փնտրել միայն փողկապի մեջ, այն էլ կարծես թե դրա վրա այլևս ոչ ոք ժամանակ չի կորցնում։
Երկրորդ հանգամանքն իմ կրած հագուստների հեղինակների հանդեպ մի փոքր նրբանկատությունն է, որ խնդրում եմ ձեզնից։
Վերջին՝ վատ իմաստով ցնցում առաջացրած, հագուստի հեղինակը դրանից մի քանի օր առաջ լավ իմաստով ցնցում առաջացրած զգեստի հեղինակն էլ է։ Բայց հավանությունն ու գոհունակությունը երբեք հոդվածների չեն վերածվում, այդպիսով այդպես էլ չի գնահատվում ու քաջալերվում աշխատանքը։
Շնորհակալ եմ Ankasa Boutique-Atelier-ին համագործակցության համար։ Շնորհակալ եմ բոլոր մեր դիզայներներին, որոնք ինձ օգնում են այս բարդ հարցում։ Ափսոսում եմ, որ նրանց աշխատանքը երբեք չի գնահատվում»,- գրել է նա՝ հրապարակելով երկու լուսանկար:


Կարծիքներ