Հայաստան-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում. Փաշինյան

Հայաստան-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպմանը և երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին:

Վարչապետը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի հետ կուլիսային հանդիպում չի եղել. «Աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, և մենք, ինչպես միշտ, ճաշել ենք, զրուցել ենք բարեկամաբար: Ես այս այցը շատ հաջող եմ գնահատում»:

Նա նաև շեշտել է, որ նախագահ Պուտինի հետ զրույցում որևէ նոր կամ գաղտնի թեզ չի հնչեցրել, ոչ մի նոր բան չի խոսվել:

«Առնվազն այն, ինչ այնտեղ հնչել է, դուք ինձնից այստեղ՝ այս ձևաչափով կամ գուցե այլ ձևաչափով, լսել եք: Այսինքն՝ զրո նորություն»,- ասել է վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ արդեն կան հստակ պայմանավորվածություններ հաջորդ քննարկումների վերաբերյալ:

«Տետ-ա-տետ հանդիպման մասին մենք արդեն պայմանավորվել ենք: Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում՝ հունիսի երկրորդ կեսին»,- հավելել է վարչապետը:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների դինամիկային՝ վարչապետը նշել է, որ ներկայում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, և ես այդ պրոցեսը գնահատում եմ դրական:

«Մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք՝ բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու»,- ասել է վարչապետն ու հավելել, որ վերահաստատվել է Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռման մոտեցումը:

«Քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ և Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք: Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ»,- եզրափակել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում