Վիգեն Սարգսյանն անդրադարձել է իր նկատմամբ հարուցված քրեական վարույթին ու պահանջել ցանկ հրապարակել

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է իր նկատմամբ հարուցված քրեական վարույթին ու պահանջել ցանկ հրապարակել

«Նողկալի է»:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այսպես է որակել իր նկատմամբ հարուցված քրեական վարույթը և պահանջել հրապարակել բնակարաններ ստացած անձանց ցանկը` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նաև նրանց ցանկը, որոնց իրավունքները, հսկող դատախազի կարծիքով, խախտվել են:

Հիշեցնենք՝ ըստ գլխավոր դատախազության՝ այսօր հրապարակած հաղորդագրության, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հանձնարարությամբ բնակարաններ են հատկացվել համակարգի զինծառայող չհանդիսացող, հաշվառման մեջ չգտնվող, ցուցակներում ուշ ընդգրկված 29 անձանց:

Այս փաստի առնչությամբ հարուցվել է քրեական հետապնդում, Վիգեն Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

«Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով այս հաղորդագրությանը, Վիգեն Սարգսյանը գրել է, որ տեղեկատվություն տարածվել է 2019-ի սեպտեմբերից, երբ ՊՆ բնակարանների բաշխման գործընթացում առկա չարաշահումների հիմքով իրեն և ՊՆ հինգ պաշտոնյաների որպես մեղադրյալ են ներգրավել՝ հսկող դատախազի որոշմամբ:

«Իմ բոլոր կարգավիճակներում, առավել ևս՝ որպես պաշտպանության նախարար, մշտապես ծառայել եմ ազնվորեն՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ամրապնդման, մեր ազգային շահերի առաջմղման նպատակով: Դա հայտնի է բոլորին, ում հետ առնչվել եմ գործի բերումով»,-գրել է Սարգսյանն ու հավելել, որ Պաշտպանության նախարար ծառայած 18 ամիսներից յուրաքանչյուրում Զինված ուժերի մարտունակության բարձրացման և բանակի ուժեղացման համար ինքն արել է հնարավորը:

Ըստ նախկին նախարարի՝  այդ 26 բնակարանների բաշխման գործառույթը, որն իր պաշտոնական բոլոր լիազորություններից «երևի թե ամենաաննշանն էր իր ծավալով և հանրային կարևորության առումով», իրականացվել է օրենքի պահանջին համապատասխան` հիմք ընդունելով բնակարան ստացողների անցած մարտական ուղին և վաստակը:

Վիգեն Սարգսյանը նույն գրառման մեջ 2 անգամ պնդել է, որ պետք է հրապարակել բնակարաններ ստացածների ցանկը` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները  խախտվել են: Նախկին նախարարը վստահ է, որ այդքանը բավարար կլինի թեման սպառված համարելու համար: 

Նա ավելացրել է, որդատախազությունն իր  հետ կապ հաստատելու որևէ ջանք չի գործադրելով, թեև իր կոնտակտները չեն փոխվել և հայտնի են: Այդպիսով, ըստ Սարգսյանի, դատախազությունը զրկել է իրեն օրինական պաշտպանվելու հնարավորությունից:

Դատախազության հաղորդագրության մեջ նշվում էր, որ Վիգեն Սարգսյանի՝ իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: 

Նշվում է նաև, որՍարգսյանի իմացությամբ և հանձնարարությամբ բնակարաններ են ստացել նաև Պաշտպանության նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձինք, որոնց մասին, սակայն, Սարգսյանն իր անդրադարձում ոչինչ չի հիշատակել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում