Թբիլիսիում ծայրահեղ լարված իրավիճակ է. հանրությունը՝ ընդդեմ սեռական փոքրամասնությունների երթի

Tbilisi Pride հասարակական կազմակերպություն կազմակերպել է համերաշխության շաբաթ սեռական փոքրամասնությունների հետ, որը նախատեսվում է ավարտել այսօր՝ հուլիսի 5-ին` Արժանապատվության երթով: Պահպանողական արմատական կազմակերպություններն ու խմբերը դեմ են Tbilisi Pride-ին և պահանջում են արգելել Արժանապատվության երթը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ագրեսիվ խմբերի ներկայացուցիչները ներկայումս փորձում են ներխուժել Tbilisi Pride-ի գրասենյակ:
Ռուսթավելի պողոտայում «Թբիլիսիի փրայդի» հակառակորդները ցույցի ժամանակ հարձակվել են լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա, որի ընթացքում տուժել է Վրաստանի առաջին ալիքի օպերատոր Իլյա Թվալիաշվիլին: «Թբիլիսի փրայդի» հակառակորդները թույլ չէին տալիս լրագրողներին աշխատել և շշեր ու փայտեր էին նետում տարբեր լրատվամիջոցների նկարահանող խմբերի վրա: Լրագրողները տարհանվել են պարեկային ոստիկանության օգնությամբ:
Վրաստանի Հանրային ՀԸ-ն, Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտել են լրագրողների նկատմամբ բռնությունները։
Միևնույն ժամանակ, Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով սկսվել է հետաքննություն, Ռուսթավելի պողոտայում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության գործողությունների և մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ:
Ավելի ուշ ծայրահեղ արմատական խմբերի ներկայացուցիչները ներխուժել են «Թբիլիսի փրայդի» գրասենյակ պատշգամբից և հանել ԼԳԲՏ+ համայնքի դրոշները, պատռել են դրանք և նետել պատշգամբից ու այրել: Նրանք պատշգամբում կախել են Վրաստանի դրոշը:
Ռուսթավելի պողոտայում լարված իրավիճակ է: Վրաստանի խորհրդարանի մոտ են հավաքված ԼԳԲՏ անձանց ընդդիմադիրները՝ Ռուսթավելի պողոտան փակ է: Այսպիսով նրանք փորձել են արգելել Արժանապատվության երթը։
Կարծիքներ