Դեղձուտում կարմիր ժապավեն է կտրվել. շահագործման է հանձնվել նորակառույց դպրոցը

Դեղձուտում կարմիր ժապավեն է կտրվել. շահագործման է հանձնվել նորակառույց դպրոցը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հրավերով այսօր ներկա է գտնվել Դեղձուտ բնակավայրում կոմիտեի պատվիրատվությամբ կառուցված դպրոցի բացման և Սեպտեմբերի 1-ին նվիրված արարողությանը:

Տոնական միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Դեղձուտի վարչական ղեկավար Յուրիկ Մուրադյանը, Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը և պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին հայտնում են Կոմիտեից:

Շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ Արմեն Ղուլարյանն ընդգծել է, որ այս Սեպտեմբերի 1-ը հիշարժան է ինչպես աշակերտների, այնպես էլ Քաղաքաշինության կոմիտեի համար.

«Այսօր մենք տեսնում ենք մեր և նախագծողների, շինարարների թիմերի համատեղ ջանքերի արդյունքը, որը ծառայելու է Դեղձուտի բնակիչներին: Կոմիտեն հարյուրավոր մոդուլային դպրոցներ է կառուցում ողջ հանրապետությունում: Ինչպես աշակերտները երդվեցին սովորել լավ, նվիրված լինել դպրոցին, մենք էլ շինարարների հետ միասին խոստանում ենք կառուցել որակյալ, հարմարավետ, ժամանակի պահանջներին համապատասխանող դպրոցներ՝ իրագործելով ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերը»:

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, շնորհավորելով ներկաներին, նշել է, որ նախկին վթարային վիճակում գտնվող կառույցի փոխարեն բնակավայրն այժմ ունի մեծ, լուսավոր ու բարեկարգ ուսումնական հաստատություն։ Նա հորդորել է հոգատարությամբ օգտագործել դպրոցի նոր շենքը, որպեսզի այն երկար տարիներ ծառայի բնակիչներին:

Առաջին դասարանցիները կտրել են կարմիր ժապավենը՝ ազդարարելով նորակառույց դպրոցում ուսումնական տարվա սկիզբը: Հյուրերը շրջել են դպրոցում, դիտարկել կատարված աշխատանքները։

Դեղձուտի նոր դպրոցը Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվել է ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակում։

144 տեղ հզորությամբ մոդուլային (տիպային) դպրոցի կառուցման ծրագիրը մեկնարկել էր 2020թ.: Այս տարվա հուլիսին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից կարճ ժամանակ անց, վարչապետի հանձնարարականի համաձայն, շտկվել են շինարարների թույլտված մի քանի թերությունները, կատարվել բարելավումներ:

Բացի այդ, գործում է երաշխիքային սպասարկում, որի ընթացքում շինարարական ընկերությունն իրականացնելու է մշտադիտարկում և թերությունների առաջացման դեպքում իր հաշվին վերացնելու է սեղմ ժամկետում:

Նորակառույց դպրոցը համայնքին է հանձնվել ամբողջությամբ կահավորված և բարեկարգված տարածքով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կառույցի սեյսմիկ անվտանգությանը, ամրությանը, ապաստարանի առկայությանը, էներգախնայողությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությանը, անվտանգ և բարեկարգ միջավայրի ստեղծմանը: Դպրոցը հարմարավետ դասասենյակներից բացի համալրված է գրադարանով, մարզադահլիճով, հանդիսությունների սրահով, խաղահրապարակով, արևային կայաններով:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը դպրոցի գրադարանին փոխանցել է ավելի քան 120 գիրք, որոնք նվիրաբերել են կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում