ՀՀ նախագահը ողջունել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպման ընթացքում հնչեցված հասցեական ուղերձները

Անկասկած Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ պետք է բացվի և ազատ տեղաշարժը վերականգնվի առանց նախապայմանների։
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկորբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
ՀՀ նախագահը ողջունել է դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի ունեցած ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպման ընթացքում հնչեցված հասցեական և նպատակաուղղված ուղերձները՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Հստակ, հասցեական և նպատակաուղղված ուղերձները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամ երկրների կողմից 9228-րդ հանդիպմանը ողջունվում են: Անկասկած Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ պետք է բացվի և ազատ տեղաշարժը վերականգնվի առանց նախապայմանների»։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրել էր ստեղծված իրավիճակն ու շեշտել, որ Ադրբեջանը ձգտում է մեծածավալ հումանիտար աղետ ստեղծել Լեռնային Ղարաբաղում։
Ի պատասխան Մարգարյանի հիմնավորված պնդումների՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, թե Լաչինի միջանցքն «ամբողջությամբ Ադրբեջանի տարածքում է»:
Նշենք, որ գրեթե բոլոր անդամ երկրները պարզորեն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը:
Կարծիքներ