Եկեղեցու դեմ գործընթաց չկա. Հարությունյանն ասել է՝ ինչ քայլերի կդիմի իշխանությունը, եթե Գարեգին Բ-ն չպատասխանի

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին շրջանում եկեղեցականների շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ եկեղեցու դեմ որևէ գործընթաց չկա:
«Երբ մյուս հարցերն իրենց լուծումներն են ստանում կամ ընթացքում են լինում, առաջանում են նաև նման խնդիրներ: Եկեղեցու հետ կապված մենք նախկինում էլ՝ հատկապես վերջին տարիներին, ասել ենք, որ երբ Եկեղեցին որոշակի գործընթացներ է անում միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է նաև պատրաստ լինել նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից, մասնավորապես այս հարցադրումը, որն արվել է»,- ասել է նա:
Արդյոք խոսքը անձնակա՞ն կյանքի մասին է հարցին Հարությունյանը պատասխանել է.
«Անձնական կյանքին որևէ մեկը չի միջամտել, անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցադրումներն արվել են նույն ինստիտուտի՝ Եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում՝ կուսակրոնության ինստիտուտի վերաբերյալ, և հարցադրումները շարունակում են մնալ միայն այդ տրամաբանության մեջ՝ արդյոք վարչապետի բարձրացրած հարցերը ստանալո՞ւ են իրենց պատասխանները՝ դրական, թե բացասական, այո՞, թե՞ ոչ:
Այդ հարցերի պատասխանները միայն առողջացնելու են Եկեղեցին՝ որպես ինստիտուտ»:
Ճշտող հարցին՝ եթե եկեղեցին չպատասխանի, ի՞նչ քայլերի կդիմի իշխանությունը: Հարությունյանն ասել է՝ ըստ էության, այն քայլերի շրջանակում, որը տրված է իշխանությանը, գործադիր մարմնին օրենքների և Սահմանադրության շրջանակում:
Արդյոք իշխանությանն անհանգստացնո՞ւմ է, որ Եկեղեցին կարող է ուղղորդող նշանակություն ունենալ ընտրական գործընթացներում, արդյոք Եկեղեցին կարո՞ղ է օգտագործել իր հեղինակությունը, որը, ըստ սոցհարցումների, բավականին բարձր է, Արայիկ Հարությունյանը ասել է՝ վերջին զարգացումների շրջանակում ինքն անընդհատ լսում է այդ պնդումը:
«Ուզում եմ ձեզ մի բան ասել՝ այդ սոցհարցումները, որոնք արվում են, պետք է շատ ուշադիր նայել, թե տվյալ հարցին պատասխանելիս մեր հանրությունն ինչ նկատի ունի: Ես 100 տոկոս վստահությամբ կարող եմ ասել՝ եթե դուք որպես զուտ ինստիտուտի նկատմամբ վստահությունից զատ, եկեղեցական, տվյալ դեպքում շրջանառության մեջ գտնվող անունները դնեք այդ հարցման մեջ, կունենաք բացարձակ այլ պատկեր տվյալ անձանց նկատմամբ:
Մի բան էլ եմ ուզում ավելացնել. 2021-ին ամբողջ Եկեղեցին կաթողիկոսի գլխավորությամբ քարոզում էր ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի»: Եվ հանրությունը գնաց և իր պատասխանը տվեց կաթողիկոսին ու իր սպասավորներին:
Այն ժամանակ Եկեղեցու նկատմամբ վստահությունը՝ որպես ինստիտուտի, պակաս չէր, քան 2024 թվականին»,- ասել է Հարությունյանը՝ ընդգծելով՝ պետք չէ խառնել ինստիտուտը և եկեղեցականներին:
Ըստ նրա՝ եկեղեցականների վերաբերյալ հարցում անելու դեպքում կստացվի բացարձակապես այլ պատկեր:
Հարությունյանը նաև պատասխանել է հարցին, թե ինչու 7 տարում ոչ մի թալանչի պատասխանատվության չի ենթարկվել:
«Բազմիցս առիթ ունեցել ենք խոսելու, այսպես ասած, նախկին թալանչիներին պատասխանատվության կանչելու թեմայով: Երեկ՝ Կառավարության նիստի ժամանակ, այդ հարցին անդրադարձ եղել է, ինստիտուտները սկսել են աշխատել: Մենք ուզում ենք, որ այդ ամենը ինստիտուցիոնալ լինի: Վարչապետը երեկ շատ հստակ ասաց՝ հեղափոխությունից հետո հնարավոր էր գնալ և այդ ամբողջ ապօրինի գույքը վերադարձնել պետությանը:
Դա պետք էր անել ինստիտուցիոնալ, որովհետև դրա համար պետք էին օրենսդրական հիմքեր ու ինստիտուտներ: Եթե այդ ամենը համեմատենք մյուս երկրների հետ, որտեղ նմանատիպ գործընթացներ են եղել, շատ արդյունավետ է հիմա տեղի ունենում, քան այլ երկրներում նման ինստիտուտներ ստեղծելիս»,- ասել է Հարությունյանը:
Կարծիքներ