Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ում էֆթանազիայի որևէ ցուցում չունեցող կենդանիները քնեցվում են տնօրենի ուղիղ հրամանով․ ավագանու անդամը ահազանգում է

Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի ավելորդ համարված հաստիքները, այդ թվում անկետոլոգի և տնօրենի վարորդի, ինչպես նաև այլ աշխատողների հաստիքները համալրվել են տնօրենի ծանոթ-խնամի բարեկամներով։ ՀՈԱԿ-ում ստեղծվել է այնպիսի անառողջ մթնոլորտ, որ պրոֆեսիոնալ շատ աշխատողներ դիմում են գրել և հեռացել աշխատանքից։ Այս մասին Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Նվարդ Վարդանյանը։
Նրա խոսքով՝ 2020թ․ ընթացքում ՀՈԱԿ-ը մասնակցել և շահել է տարբեր հայտարարված թափառող շների հայտնաբերման և վնասազերծման տենդերներին, որոնք իրականացվել են ՀՈԱԿ-ի ոչ մասնագետ աշխատակիցների կողմից՝ ամբողջությամբ և բարձր որակով։ Սակայն որևէ վարձատրություն չեն ստացել դրա դիմաց։ Փոխարենը, ՀՈԱԿ-ի կայացման գործում, մասնավորապես ներդրում ունենալու համար շնորհակալագրեր և պատվոգրեր են ստացել միայն տնօրենի խնամի-ծանոթ-բարեկամները, որոնց կապը ՀՈԱԿ-ի հետ հանդիսանում է միայն այնտեղ գիշերելով և համակարգչային խաղեր խաղալով։
«Տնօրենի կողմից կայացվում են որոշումներ, որոնք չեն քննարկվում մասնագետների հետ, այն դեպքում երբ տնօրենը մասնագիտական որևէ առնչություն չունի ղեկավարող կառույցի հետ կապված»,-իր խոքսում նշեց նա՝ ավելացնելով․
«Մասնավորապես, էֆթանազիայի որևէ ցուցում չունեցող կենդանիները քնեցվում են տնօրենի ուղիղ հրամանով։
Նվարդ Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել տնօրենի հետ, հետևյալ հարցով, որ մի շուն կա ՀՈԱԿ-ում և քաղաքացիներից մեկը ցանկանում է այն որդեգրել, որին տնօրենը պատասխանել է՝ քաղաքացին գլուխը պատին է տալիս։ Նվարդ Վարդանյանը հավաստում է, որ խոսել է բժիշկների հետ և շունը ենթակա չէ էֆթանազիայի։
Քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանի պնդմամբ՝ Նվարդ Վարդանյանի ներկայացրածը ոչ այլ ինչ է , քան սուբյեկտիվ կարծիք, որը նրա ստացել է հիմնարկի ներսի աշխատողներից։ Դրանք փաստեր չեն։ Նրա խոսքով՝ այդ նույն մասնագետից նույն բովանդակությամբ բողոք ներկայացվել է նաև քաղաքապետին, և այժմ դրանց հիմքով վերահսկողության վարչությունը ստուգումներ է անցկացնում, ինչից հետո համապատասխան ընթացք կտրվի։
Կարծիքներ