Քննարկվեց հրավառությունների իրականացման սահմանափակումներ նախատեսող օրենսդրական փաթեթը

Քննարկվեց հրավառությունների իրականացման սահմանափակումներ նախատեսող օրենսդրական փաթեթը

««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 2-ի արտահերթ նիստում քննարկվեց առաջին ընթերցմամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ ոլորտում գործող ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ հրավառությունները բաժանվում են 5 հիմնական խմբերի: Նախաձեռնությամբ 3-5-րդ խմբերում ներառված հրավառությունները կիրականացվեն միայն համապատասխան համայնքապետարանի թույլտվությամբ և պատվերով համայնքապետարանի թույլատրած վայրերում, սահմաված օրերին ու ժամերին:

Փոխնախարարի խոսքով՝ ձայնային աղտոտման պատճառած վնասներն ավելի շատ են, քան տվյալ գործունեության տնտեսական օգուտներ: Վիճակագրական տվյալները նշելով՝ Ավանեսյանն ընդգծեց, որ 2017-2019 թթ. ներմուծման ամենաբարձր ծավալը եղել է 1 միլիոն 99 հազար դոլարի շրջանակում, սակայն ձայնային աղտոտման վնասները մոտարկված գնահատականներով կարող են հասնել 4 մլն ԱՄՆ դոլարի:

Առաջին և երկրորդ դասերի հրավառությունների վաճառքն արգելվելու է: Դրանց ուժգնությունը 250 մետրի վրա գերազանցում է 60 դեցիբլը: Կանոնակարգվում է դրանից ցածր հզորություն ունեցող ապրանքների վաճառքը: Մինչև 16 տարեկաններին վաճառքն արգելվելու է, վաճառքի վայրերում պետք է ներկայացվեն օգտագործման կանոնները:

Նիստին հրավիրված գործարարները նշեցին, որ ներկայացված փոփոխությունները բացասական ազդեցություն կունենան ոլորտի գործունեության վրա: Չի իրականացվի կենցաղային, տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների ներմուծում, և պետությունը պետական միջոցառումների ժամանակ ստիպված կլինի հրավառություն պատվիրել օտարերկրյա կազմակերպությունների մոտ ավելի թանկ գնով: Կփակվեն ոլորտում գործող կազմակերպություններ:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի համոզմամբ՝ առաջարկվող կարգավորումները ուշ ժամերին իրականացվող հրավառությունների խնդիրն ամբողջությամբ չեն լուծելու: Նա կարևորեց վերահսկողության ուժեղացումը, արգելված ժամից հետո հրավառության իրականացման դեպքում տուգանքների խստացումը:

Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթը չարժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում