Որոշ շրջանակներ կաշվից դուրս են գալիս՝ Օվերչուկի միտքը զարգացնելով. լավ գիտենք՝ ով ինչ «փորացավ» ունի. Թունյան

Որոշ շրջանակներ կաշվից դուրս են գալիս՝ Օվերչուկի միտքը զարգացնելով. լավ գիտենք՝ ով ինչ «փորացավ» ունի. Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի զգուշացմանը, որ եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, այն այլևս օդային կապ չի ունենա Ռուսաստանի հետ։ Թունյանը նաև անդրադարձել է այդ հայտարարությունը շրջանառող որոշ շրջանակների:

 

«Զգացե՞լ եք, թե լրագրողական ու փորձագիտական որոշ շրջանակներ ոնց են կաշվից դուրս գալիս՝ Օվերչուկի միտքը «թարգմանելով» ու զարգացնելով:

 

Գիտե՞ք՝ ինչ են ուզում ասել: Ուզում են ասել՝ «մենք մեզ պետք է խելոք ու հնազանդ պահենք, թե չէ մեծ «ձյաձաները» կջղայնանան ու մեզ կպատժեն՝ գազի գինը կթանկացնեն, արտահանումը կփակեն և այլն»:

 

Այսինքն՝ ռուսների փոխարեն իրենք են փորձում շանտաժ անել սեփական հայրենակիցներին:

 

Նախ՝ մենք «չարություն» չենք արել ու չենք անում: Եվ երկրորդ, հարգելի՛ «մտահոգներ», իսկ կարո՞ղ եք բացատրել, թե 20 տարի առաջ, երբ ձեր սրտի իշխանությունները հլու-հնազանդ էին «մեծ ձյաձաներին», ինչո՞ւ վերջիններս թանկացրին գազը:

Մոռացե՞լ եք 2006-ը, երբ ռուսական կողմը գազը թանկացրեց, և «սուբսիդավորման» անվան տակ գնի տարբերությունը՝ 188 մլն դոլար, Հայաստանը վճարեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը և Իրան-Հայաստան գազամուղը «Գազպրոմին» զիջելով: 3 տարվա էժան գազի դիմաց:

2013-ն է՞լ եք մոռացել, երբ տարեվերջին հանկարծ պարզվեց, որ ռուսական կողմը 2 տարի առաջ կրկին թանկացրել էր գազը, իսկ մեզ այդ մասին չէին ասել, որ տրամադրություններս չընկնի: Բայց կուտակել էինք 300 մլն դոլարի պարտք, ինչի դիմաց Հայաստանը հրաժարվեց «ՀայՌուսգազարդի» իր 20% բաժնեմասից:

Հիմա էլ զիջելու բան չկա, ուզում եք ինքնիշխանությո՞ւնը զիջենք:

Չի լինելու նման բան: Գազն էլ եթե որոշեն թանկացնել, թանկացնելու են, ոչ՝ ոչ:

Հայաստանի կառավարությունը ձեզնից լավ գիտի բոլոր տնտեսական ու էներգետիկ ռիսկերը, ու եթե չգիտեք, ասեմ՝ վերջին տարիներին էական քայլեր են կատարվել մեր էներգետիկ անկախությունը մեծացնելու ու գազից կախվածությունը թուլացնելու ուղղությամբ:

Իսկ դուք մի՛ ձևացրեք, թե մտահոգված եք գազի գնով, տնտեսության վիճակով ու մեր ժողովրդի սոցիալական խնդիրներով: Հայաստանում բոլորը շատ լավ գիտեն՝ ով ինչ «փորացավ» ունի»,- գրել է Թունյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում