COVID-19. 1600 մահ 80 հազար հիվանդից, 80 հազար պատվաստում և ոչ մի վատ հետևանք. Տիգրան Ավինյանը համեմատական է անցկացրել

Հայաստանում առ այսօր կատարված 80 հազար պատվաստումից չկա որևէ վատ հետևանքով դեպք, բայց կորոնավիրուսով 80 հազար վարակված անձանցից 1600 հոգի մահացել է: Այս մասին նշել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ժամանակ, որի շրջանակում քննարկվել է Հայաստանում կորոնավիրուսի համավարակային իրավիճակը:
«Առ այսօր կատարված 80000 պատվաստումից մենք չունենք վատ դեպքեր, բայց 80000 կորոնավիրուսով վարակված անձանցից 1600 հոգի մահացել է: Սա վկայում է պատվաստման՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոց լինելու մասին, և պետական քաղաքականությունը պետք է միտված լինի պատվաստումների ծավալի ավելացմանը»,-նշել է Տիգրան Ավինյանը:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 095 դեպք, որոնցից 216 778-ն առողջացման, 4514-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2704 պացիենտ: ՀՀ կառավարության հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։
Կարծիքներ