Ականջահաճո բաներ կարելի է խոստանալ, բայց պետք է նաև հիմնավորել․ Թունյանը՝ «Մեր ձևով»-ին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանy ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Մեր ձևով» շարժումը խոստանում է լուծել, իրենց իսկ խոսքերով, բանկային վարկերի տակ ճկռած մեր հայրենակիցների խնդիրները:
Նախ հիշեցնեմ, որ կառավարությունն արդեն իսկ լուծում գտել է մինչև 1 միլիոն դրամ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների համար՝ հնարավորություն տալով վարկը վերակառուցել և մայր գումարը վճարել իրենց իսկ եկամտային հարկից:
Եթե որևէ մեկը խոստանում է լուծել վարկերը սպասարկելու հետ կապված խնդիր ունեցող քաղաքացիների հարցը և նրանց ազատել պարտքային թակարդից, ապա, վերևում նշված տարբերակից բացի՝ կա ևս 3 տարբերակ.
1. Կառավարությունն ինքն է բանկերին վճարում վարկառուների փոխարեն՝ հարկատուների հաշվին:
2. Կառավարությունն օրենքի ուժով պարտադրում է բանկերին դուրս գրել անհուսալի վարկերն ու հրաժարվել վարկառուների նկատմամբ պահանջներից:
3. Առաջարկի հեղինակները իրենց անձնական միջոցներից են փակում բանկերի վարկերը:
Մեզ համար առաջին երկու տարբերակներն անընդունելի են, իսկ երրորդը՝ տեխնիկապես անհնար. քաղաքական թիմի ղեկավարները դոլարային միլիարդատերեր չեն))
Լրագրողներին առաջարկում եմ հարմար առիթի դեպքում հարցնել Կարապետյաններին՝ այս 3-ից ո՞ր տարբերակով են լուծելու այս խնդիրը: Կամ եթե այլ՝ 4-րդ տարբերակ կա, թող ասեն: Հետո կտամ իրենց պատասխանից բխող հարցերը:
Ականջահաճո բաներ կարելի է խոստանալ, բայց պետք է նաև հիմնավորել ու ցույց տալ՝ ինչպես և ում հաշվին են պատրաստվում անել խոստացածը»:


Կարծիքներ