Պեկին-2022. ՄՕԿ-ը մեկնաբանել է ռուս գեղասահորդներին չպարգևատրելու որոշումը

Միջազգային օլիմպիական կոմիտեն մեկնաբանել է իր այն հայտարարությունը, որ չի պարգևատրելու ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևային, եթե վերջինս մրցանակային տեղ զբաղեցնի Օլիմպիական խաղերի կանանց մենասահքում:
«Մենք ուզում ենք մեդալները տալ ճիշտ մարդկանց: Մինչև չհստակեցվեն դոպինգի հետ կապված խնդիրները, մենք մեդալները չենք տալու: Այս պահի դրությամբ արդարացի է, որ մենք չենք պարգևատրում մարզիկներին: Ամբողջապես հասկանում ենք երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած հավաքականներին: Դժվար է պարգևատրել մի իրավիճակում, երբ ոչինչ վերջնականապես հայտնի չէ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ: ՄՕԿ-ը նաև վստահեցրել է, որ մեդալները կտրվեն այն ժամանակ, երբ դոպինգ սկանդալի հետ կապված խնդիրը վերջնական լուծում կստանա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի անդամ Կամիլա Վալիևան կմասնակցի Պեկինի Օլիմպիական խաղերի կանանց մենասահքին: Սպորտային արբիտրաժային դատարանը թույլատրել է Վալիևային մասնակցել Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց մենասահքին: Առավել վաղ հայտնի էր դարձել, որ ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևայի դոպինգ-թեստի պատասխանը դրական է եղել: Դեկտեմբերին կայացած Ռուսաստանի առաջնության ժամանակ Վալիևայի տված թեստի պատասխանը դրական է եղել: Նա օգտագործել է 2014 թվականից ի վեր արգելված տրիմետազիոնին, որը օգնում է կարգավորել սրտի աշխատանքը: Ավելի վաղ` հայտնի դարձավ, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը, որը գեղասահքի թիմային հաշվարկում նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները, դեռևս չի ստացել մեդալները: Պարգևատրության արարողությունը պետք է կայանար փետրվարի 8-ին, սակայն այն հետաձգվել է: Խնդիրը կապված է դոպինգ-թեստի պատասխանների հետ: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Հակադոպինգային կազմակերպությունը դեռևս իրավական խնդիրներ ունեն: Դոպինգ-թեստը կապվում է գեղասահորդներից մեկի թեստի պատասխանի հետ, որը նա հանձնել էր մինչ Օլիմպիական խաղերը: Փետրվարի 7-ին Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային պայքարում որոշիչ եղան կանանց մենասահքի արդյունքները: Հավաքելով 178,92 միավոր՝ ռուսաստանցի Կամիլա Վալիևան գրավեց առաջին տեղը: Երկրորդը ճապոնիայից Կաորի Սակամոտոն է, երրորդը` Մադլեն Սկիզասը՝ Կանադայից: Թիմային հաշվարկում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը հավաքեց 74 միավոր և դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Ռուսները նման հաջողության ՕԽ-ում հասել էին նաև 2014 թվականի Սոչիի Խաղերում: Երկրորդ տեղում ԱՄՆ թիմն է, բրոնզին արժանացավ Ճապոնիան:
Կարծիքներ