Օքլենդում հրաձգության հետևանքով երեք ոստիկան է վիրավորվել

Արևմտյան Օքլենդում զինված տղամարդը գնդակահարվել է այն բանից հետո, երբ նա կրակ է բացել ոստիկանների վրա և վիրավորել երեք իրավապահների։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչության տվյալներով՝ իրավապահները դեպքի վայր են ժամանել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 08:00-ին այն բանից հետո, երբ հաղորդել են Օքլենդի արևմուտքում գտնվող Գլեն Էդեն շրջանում կրակոցների ձայների մասին: Սպաները փորձել են բանակցել հրազենով զինված տղամարդու հետ, սակայն նա, այնուամենայնիվ, կրակել է ոստիկանների ուղղությամբ, որոնք պատասխան կրակ են բացել։
«Հարձակվողին և ոստիկաններին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն տղամարդը տեղում մահացել է։ Երկու սպա միջին ծանրության վնասվածքներ են ստացել, իսկ երրորդը՝ ծանր»,– նշել են վարչությունից։
Հաղորդվում է նաև, որ վիրավոր սպաները հոսպիտալացվել են, բժիշկները նրանց վիճակը կայուն են գնահատում։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։
Կարծիքներ