ԱԺ պատգամավորներն ամփոփել են Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները

ԱԺ պատգամավորներն ամփոփել են Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները

Դեկտեմբերի 7-8-ը Բելգրադում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ամբողջ կազմով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այցի մանրամասները ներկայացրել են պատվիրակության անդամ պատգամավորները: ԱԺ լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, օրակարգը բավականին հագեցած է եղել: Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն ասել է, որ «գլխավոր ինտրիգը ռուս-ուկրաինական հակամարտության թեման է եղել»:

ՍԾՏՀ ԽՎ նիստում պետք է հաստատվեին ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատները: Սակայն, 13 երկրների մեծամասնությունը դեմ է քվեարկել, եւ Ռուսաստանի պատվիրակության անդամների մանդատները չեն հաստատվել: Քվեարկությունից հետո ՌԴ պատվիրակությունը հայտարարել է, որ դադարեցնում է անդամավճարների վճարումը եւ լքել է դահլիճը:

Ապա ուկրաինական պատվիրակությունն առաջարկել է բոլոր տեքստերում «ռուս-ուկրաինական կոնֆլիկտ» ձեւակերպումը փոխարինել «Ռուսաստանի ռազմական ագրեսիա» ձեւակերպմամբ:

«Մենք այդ առաջարկին ձեռնպահ ենք քվեարկել, որովհետեւ գտնում ենք, որ կազմակերպության գործառույթը տնտեսական համագործակցությանն է ուղղված, զեկույցները տնտեսական-սոցիալական բնույթի են, ուստի եւ զերծ մնացինք գնահատականներ հնչեցնելուց: Սակայն մասնակից երկրներից գրեթե բոլորը կողմ քվեարկեցին նշված առաջարկությանը, այդ թվում` մեր հարեւան երկրները»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Վեհաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել Հայաստանի պատվիրակության նոր անդամի` Գեւորգ Պապոյանի մանդատը հաստատելու հարցին:

Անդրադառնալով ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատների հաստատման քվեարկության հարցին` Գեւորգ Պապոյանը նշել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը նիստին չի մասնակցել: Թուրքիան, Հայաստանը, Սերբիան, Մոլդովան կողմ են քվեարկել ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատների հաստատմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում