Երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

Երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

Ադրբեջանի կողմից մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին  միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։

«Մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը մայիսի 28-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Դատարանը սպասում է Ադրբեջանի պատասխանին: Այս պահին հաստատվել է, որ տղաները գտնվում են Բաքվում և ակնկալվում է, որ առաջիկա օրերին պատասխան կստանանք»,- հայտնեցին գրասենյակից:

Մայիսի 26-ին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և առևանգել 2 հայ զինծառայողների, որոնք սնունդ էին մատակարարել մարտական դիրքեր։ Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողների նկատմամբ շինծու քրեական գործեր են հարուցել՝ նրանց ներկայացնելով որպես «դիվերսանտ»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում