ՀՀ ԱԺ պատգամավորները շրջանառության մեջ են դրել բուժաշխատողների գործունեությանը խոչընդոտելը քրեականացնող նախագիծ

ՀՀ ԱԺ պատգամավորները շրջանառության մեջ են դրել բուժաշխատողների գործունեությանը խոչընդոտելը քրեականացնող նախագիծ

ՀՀ ազգային ժողովի Առոզղջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը և Արեն Մկրտչյանը շրջանառության մեջ են դրել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որը վերաբերում է բուժաշխատողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Արսեն Թորոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

«Հաշվի առնելով վերջին շրջանում բուժաշխատողների վրա հարձակումների և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերը, երկարատև քննարկումներից հետո ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի և Արեն Մկրտչյանի հետ շրջանառության մեջ ենք դրել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մի նախագիծ: Դրանով նախատեսվում է քրեական պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար և ավելի խիստ պատասխանատվություն, եթե դա զուգակցվում է բռնության սպառնալիքով: 

Բռնության իրագործման դեպքերի համար պատասխանատվությունը ՔրՕր-ով արդեն իսկ նախատեսված է և մենք պետք է աշխատենք դրա կիրառումը բարելավելու ուղղությամբ, ինչպես նաև որպես հանրություն պետք է փոխվենք, հասկանանք, որ չի կարելի խոչընդոտել, սպառնալ կամ բռնություն գործադրել իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների նկատմամբ, ինչպես օրինակ ոստիկանի կամ փրկարարի նկատմամբ: Նախ նման վարքագիծ չի կարելի դրսևորել ընդհանրապես որևէ մեկի նկատմամբ, բայց նաև միշտ հիշել, որ դրա պատճառով կարող է տուժել մեկը, ում բուժօգնություն են ցուցաբերում մեր բուժաշխատողները և այդ մեկը կարող է լինել հենց մեր հարազատը»,- գրել է Արսեն Թորոսյանը՝ հրապարակելով նաև փոփոխության նախագիծն ամբողջությամբ: 

Հոդված 187․1 Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը

1. Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,- նշել է պատգամավորը: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում