Ադրբեջանցի զինծառայողների կողմից ձերբակալվածը դիրքը լքած պահեստազորայինի դեմ Բաքուն քրեական գործ է հարուցել

Այսօր ձերբակալված հայ պահեստազորայինի դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն արդեն կեղծ քրեական գործ է հարուցել։ Նրան մեղադրում են «պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»։
Ադրբեջանական կողմը պահեստազորայինին ներկայացնում է որպես դիվերսին խմբի անդամ։
«Քննությամբ հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ օգոստոսի 16-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայկական զինված կազմավորումների անդամները և նրանց հետ համաձայնության եկած մի խումբ անձինք հրազենով և զինամթերքով ապօրինի հատել են ԱՀ պետական սահմանը՝ խախտել Ադրբեջանի հասարակական անվտանգությունը, թշնամություն հրահրել՝ մարդկանց առողջությանը, ինչպես նաև մեծ նշանակություն ունեցող գույքին վնաս պատճառելով, հրազենից կրակ են բացել Քալբաջարի շրջանի Իստիսու գյուղի տարածքում տեղակայված N զորամասի զինծառայողների ուղղությամբ՝ սպառնալով նրանց նկատմամբ ուժ կիրառել և ահաբեկչություն իրականացնել»,- հայտնել է Ադրբեջանի դատախազությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։
Այնուհետև պարզվեց, որ ադրբեջանական կողմից ձերբակալված հայ զինծառայողը դիրքը լքած պահեստազորայինն է։
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութը, թե ինչպես են ադրբեջանցիները ձերբակալում պահեստազորայինին և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ։
Ադրբեջանը հրապարակել է նաև հայ պահեստազորայինի լուսանկարը։
Կարծիքներ