ԵԿՄ անդամը հանկարծամահ չի եղել, նրան սպանել են. մանրամասներ

2024թ․ փետրվարի 12–ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ ԵԿՄ անդամ Գ․ Ասատրյանը առավոտյան քնից չի արթնացել և ըստ նախնական տվյալների՝ հանկարծամահ է եղել: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
«Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ կատարված դիահերձման, ինչպես նաև այլ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․Կ․-ի և Գ․ Ասատրյանի միջև ծագած վիճաբանությունից հետո, փետրվարի 12-ի գիշերը՝ 00․05-ի սահմաններում, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարված է հասցրել մահճակալին պառկած Գ․ Ասատրյանի պարանոցի շրջանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել է։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ․Կ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասաված է հաղորդագրության մեջ:
Երկրապահ կամավորական միությունը փետրվարի 13-ին տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ նախորդ օրը նախնական տվյալներով հանկարծամահ է եղել ԵԿՄ անդամ 40-ամյա Գոռ Ասատրյանը։
Կարծիքներ