Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Զառ բնակավայրի միջնակարգ դպրոց և ներկա գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, dպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վարչապետի էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել և հրավիրել իրենց բեմադրած ներկայացմանը, ինչը սիրով ընդունվել է:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

Ըստ աղբյուրի՝ դպրոցի տնօրենը մինչ ներկայացումը շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու և ներկայացմանը ներկա գտնվելու համար: Նա նշել է, որ Զառի դպրոցը կառուցվել է 1976 թվականին, դպրոցում սովորում է 260 աշակերտ։ Դպրոցում կա նախակրթարան, որն այցելում է 33 սան։ Դպրոց հաճախում է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8 աշակերտ, 4 մանկավարժ էլ ապահովվել է աշխատանքով։ Դպրոցն ընդգրկված է կառավարության 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրում, որով առաջիկայում նախատեսված է կառուցել նոր ուսումնական հաստատություն:

Նշվում է, որ ներկայացման ավարտին վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավիրելու համար: Կառավարության ղեկավարը ողջունել է այսպիսի բարդ թեմաների անդրադառնալու աշակերտների համարձակությունն ու խիզախությունը: Վարչապետն ընդգծել է նաև աշակերտների ինքնուրույն մտածելու, վերլուծելու, եզրակացությունների գալու համարձակությունն ու մղումը:

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հիշարժան օր նվիրելու, դրական լիցք, ոգևորություն ու էներգիա տալու համար:    

Հետևեք մեզ նաև Տելեգրամում